Image result for Գագա Ամատունի

Երևանի գլխավոր դիզայները Արմենպրեսսին տված հարցազրույցում ասել է, թե քաղաքը պետք է իր բույրն ու ծաղիկը ունենա։ Բացատրեք այս մարդուն, որ նա քաղաքի ոչ թե գլխավոր ֆլորիստն է կամ պարֆյումերը, այլ դիզայները։ Բայց ինձ շատ հետաքրքիր է, ի՞նչ է անում Երևանի գլխավոր դիզայները մի քաղաքում, որտեղ քաղաքապետի թողտվությամբ քանդվում են հին շինությունները, և որ օլիգարխն ուզի, քաղաքի ցանկացած մասում եվրոպատուհաններով, անճաշակ, էլիտար կոչվող շենք կկառուցի։ Այո՛, ճիշտ եք․ փող է լվանում։ Այս մարդը, ով իբր քաղաքի բրենդ է ստեղծում, այսօր հայտարարել է, թե քաղաքի արտաքին ձևավորման յուրաքանչյուր տարրի համար գլխով է պատասխան տալու։
Ինձ թվում է՝ այս մարդն անմեղսունակ է կամ էլ ինքնասպան լինելու մեծ ցանկություն ունի։ Այս քաղաքի արտաքինը ձևափոխվում և աղավաղվում է ամեն օր, հենց այն պատկան մարմինների կողմից, որոնք վարձատրում են սույն ոչ ադեկվատ հայտարարություններ անող երիտասարդին քաղաքի գլխավոր դիզայների հաստիքի համար։
Եվ հետո, մեր քաղաքն ունի իր կերպարը, պատմությունն ու ավանդույթը։ Այդ ամենը ընդամենը պահպանել և գեղեցիկ մատուցել էր պետք, ոչ թե քանդել, իսկ հետո փորձել դրա ավերակների վրա այլ արհեստածին նախագծեր մտածել ու մսխել բյուջետային փողերը։ 
Գնահատելով մեր երիտասարդ դիզայների սրտացավությունը Երևանի նկատմամբ՝ ընդհուպ մինչև գլխով պատասխան տալու աստիճան, կարծում ենք ամենաճիշտ որոշումը կլինի այդ անիմաստ հաստիքը փակելը, հիմար նախագծեր չմշակելն ու դրանց համար բյուջետային փողերը մսխելը և սեփական գլուխն էլ փրկելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել