Image result for azerbaijan pakistanԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ռազմական ձեռնարկություններ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը․ Բաքուն ցանկանում է գնել Իսլամաբադից գերճշգրիտ զենքեր:
Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի՝ համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում․ դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:
Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի ինչպես տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար: Հիշեցնենք, որ պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:
Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ նրա՝ JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:
Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:
Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը․ դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Ի՞նչ պետք է անի ՀՀ-ն պակիստանա-ադրբեջանական ռազմավարական, ռազմական տանդեմին հակադրվելու, սեփական զինված ուժերը նոր տեխնիկայով համալրելու համար: Առաջին՝ ռազմա-տեխնիկական համագործակցության մեջ մտնել Հնդկաստանի հետ՝ Պակիստանի թիվ մեկ ռազմավարական հակառակորդի: Երկրորդ՝ Ադրբեջանը վերջերս Բրազիլիայից գնեց հակատանկային համակարգեր, մի երկրից, որը հեռու է գտնվում տարածաշրջանից, սակայն ադրբեջանական գումարները բավական էին, որ Բրազիլիան, որտեղ, ի դեպ, առկա է նաև բավականին ստվար հայկական համայնք, զենք վաճառի Ալիևին:
ՀՀ-ն էլ իր հերթին համապատասխան գումարներ հայթայթելու դեպքում նոր կառավարությունը հենց դրա համար է կոչված, այլ ոչ մամուլի համար ինֆորմացիոն, PR առիթներ ստեղծելու զենքեր գնել, օրինակ՝ Հունաստանից (Ադրբեջանը զենքեր է գնում Թուրքիայից), Արևելյան Եվրոպայի երկրներից՝ արդիականացնելով, ՀՀ-ն ունի այդ ներուժն ու ռազմա-արդյունաբերական ձեռնարկությունները, խորհրդային արտադրության զենքերն ու զինատեսակները, փորձել ռազմական կոոպերացիայի մեջ մտնել նաև նոր շուկաների հետ Ասիայում՝ Չինաստան, Հարավային Կորեա և այլն:
Չմտնելով Ադրբեջանի հետ սպառազինությունների թանկարժեք ու հյուծիչ մրցավազքի մեջ՝ ՀՀ-ն պետք է ընտրի սեփական ռազմա-արդյունաբերական համալիրն արդիականացնելու, օտար ներդրումներ՝ համատեղ ձեռնարկությունների ձևով երկիր ներգրավելու համար, առաջին հերթին մարզեր, ինչը նոր աշխատատեղեր և մուլտիպլիկացիոն էֆեկտ կարող է ստեղծել մարզերում տնտեսական կյանքի ակտիվացման ու արտագաղթի դադարեցման համար: Կադրերի պատրաստումն էլ պետք է սկսել երիտասարդների շրջանում՝ ավելացնելով այդ ուղղվածության ֆինանսավորումն ու օգտագործել Սփյուռքի ներուժն ու կադրերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել