EXCLUSIVE
Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նորմանդիայի ափերին գտնվող փոքրիկ, միջնադարյան Օնֆլյոր քաղաքում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի հարսանիքը (նա ներկայացնում էր Հայաստանը 2015թ-ի Եվրատեսիլին): Սալահատակ, նեղլիկ փողոցներով, գեղատեսիլ նավահանգստով, մեծ նավերով, տարբեր գույների և չափսերի փայտե տնակներով, հետաքրքիր խանութներով այս փոքրիկ, ձկնորսական քաղաքում ամուսնանալը վաղուց երազանք էր թե՛ Թամարի, թե՛ Քրիսի համար: Ինչպես հարսանեկան դահլիճում նշեց Քրիսը, սա ընդամենը մի խենթ երազանք էր, որն իրականացնելուն օգնեցին հյուրերը, որոնք հաղթահարեցին հազարավոր կիլոմետրեր, մեկը՝ ինքնաթիռով, մեկը՝ գնացքով, մեկը՝ մետրոյով ու մեքենայով, և աշխարհի տարբեր կետերից եկան այստեղ՝ Օնֆլյոր:
Հայաստանից այնտեղ էր Blognews.am Photography-ի թիմը և Բագրատ Սրբազանը, ով էլ անցկացրեց հարսանեկան արարողությունը Սբ. Եկատերինայի կաթոլիկ եկեղեցում, հայկական եկեղեցու արարողակարգով: Այն ամենահին և ամենամեծ փայտե եկեղեցին է Ֆրանսիայում. նրա տանիքը մասամբ ծածկված էր շագանակագույն փայտով, որն էլ ստացել էր շրջված նավի տեսք` ի նշան նրա, որ եկեղեցին կառուցել են նավաստիները: Եկեղեցու խորանը զարդարված էր մանր, սպիտակ ծաղիկներով։ Խորհրդանշական այդ օրը երգչուհին ներկայացել էր Մոնիք Լուենի մոդելավորած նուրբ կաթնագույն հարսանեկան զգեստով, թույլ հավաքած վարսերով և նուրբ շպարով:
Պսակադրությունից հետո հյուրերը ժամանեցին Ferme Saint Siméon հյուրանոց, որտեղ մատուցվեց հարսանեկան ընթրիք: Հյուրանոցը նույնպես պատահական չէր ընտրված. այն երկար տարիներ ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչների ոգեշնչման աղբյուրը և հավաքատեղին է եղել: Ֆրանսիացի հայտնի նկարիչ Կլոդ Մոնեն հանգրվանում էր այս հյուրանոցում նոր գույներ և ոգեշնչում գտնելու համար: Հյուրանոցի շեմից լսվում էր դասական երաժշտություն, իսկ բազմաթիվ մոմերով լուսավորված սրահում հյուրերը գինի էին վայելում և շնորհավորում զույգին: Ճաշը մատուցվեց ժամը յոթին. սեղանները զարդարված էին սպիտակ գեղեցիկ ծաղիկներով և յուրաքանչյուր ուտեստի հետ մատուցվում էր համապատասխան գինի: Դասական երաժշտությունը փոխարինվեց ջազի հնչյուններով, երբեմն էլ հնչում էր հայկական երգը: Հնչեց նաև Թամարի հայտնի «Yours to keep»
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան
Լուսանկարիչ՝ Կարեն Հովհաննիսյան