Exclusive
Երգչուհի Սիրուշոն վերջին տարիներին հազվադեպ է ներկա լինում հանրային որևէ միջոցառման։ Երեկ, սակայն, «Yerevan Jazz Fest»-ի բացմանը Սիրուշոն ներկա էր փառատոնի հեդլայներ, աշխարհահռչակ երգչուհի Դի Դի Բրիջուոթերի երևանյան համերգին։ Սիրուշոյին ուղեկցում էին ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, և իրենց սանիկները՝ Տիգրան Մնացականյանն ու երգչուհի Լանա Խաչատրյանը։
Համերգից հետո Սիրուշոն BlogNews-ի հետ բացառիկ զրույցում խոսեց տպավորությունների մասին։
«Հիացած եմ համերգով։ Դի Դի Բրիջուոթերն իմ ամենասիրելի ջազ երգչուհիներից մեկն է։ Մեր տանը միշտ հնչում էր իր երաժշտությունը»,- ասաց երգչուհին։
Սիրուշոն մտաբերեց, որ գիտակից տարիքում առաջին անգամ Բրիջուոթերին լսել է մոտ 8 տարեկանում, ապա երկար փնտրել է նրան։ «Հիշում եմ, որ կարդացի նրա անունն ու մտապահեցի։ Այդ ժամանակ չկային սոցցանցեր, չկար որևէ տեղ, որ կարող էի փնտրել իր երգերը, Երևանում էլ չկային իր ալբոմները։ Երբ արդեն հայտնվեց «Youtube»–ը, Դի Դի Բրիջուոթերի անունը երևի առաջիններից մեկն էր, որ փնտրել եմ, որովհետև շատ երկար ժամանակ ուզում էի գտնել իրեն։ Ինձ համար սա շատ հաճելի և տպավորիչ օր էր»,- նշեց երգչուհին։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի