
Անհավանական էներգետիկայով Դի Դի Բրիջուոթերն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ջազի սիրահարների համար ազդարարվեց «Yerevan Jazz Fest» ամենամյա փառատոնի բացումը։ BlogNews-ն իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի հետաքրքիր պահերը։
Աշխարհահռչակ երգչուհին հայ հանդիսատեսին ողջունեց ու շնորհակալություն հայտնեց հայերենով։ Բրիջուոթերը ևս մեկ անգամ նշեց, որ միշտ ցանկացել է լինել Հայաստանում և շնորհակալ է Ջազի հայկական ասոցիացիայից և «Մեցցո Փրոդաքշն» ընկերությունից՝ հնարավորություն ստեղծելու համար։
Փառատոնի հեդլայներ, ջազի դեսպան համարվող աշխարհահռչակ երգչուհի Դի Դի Բրիջուոթերը նախ երգեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ապա բեմ բարձրացան իր բենդի տղաները՝ Տեո Կրոկերը (շեփոր), Մայքլ Քինգը (դաշնամուր), Էրիկ Ուելերը (բաս կիթառ), Կասա Օվերոլը (հարվածային գործիքներ) և Էնթոնի Ուարեն (սաքսոֆոն)։
Հայ հանդիստատեսն էլ ջազի դեսպանին ընդունեց մեծ ոգևորությամբ ու ծափողջույններով։ Հայտնի ու սիրված երգերը լսելուց հետո էլ այնքան ջերմ էր ծափահարում, որ թույլ չէր տալիս հեռանալ բեմից, ի վերջո, հանդիսատեսին հաջողվեց հետ կանչել ու ևս մի երգ վայելել։
Հոկտեմբերի 13-16-ը Հայաստանում անցկացվում է ամենամյա ջազ փառատոնը, որի հեդլայները Դի Դի Բրիջուոթերն է։ Սակայն նա փառատոնի միակ հյուրը չէ, ով Գրեմմիի մրցանակակիր է։ Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ելույթ կունենա Ջոս Ստոունը։
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի