Картинки по запросу ՊԵԿՄինչև հիմա չկա ստվերային տնտեսության վերաբերյալ կոնկրետ սահմանում, ընդ որում՝ տարբեր երկրներում այն բնորոշվում է տարբեր կերպ: Ստվերային գործունեությունն առկա է ցանկացած պետությունում, և բավականին ծավալուն ու լուրջ գործընթաց է դրանից ձերբազատվելը: Սա նույնն է, ինչ հանցագործությունը․ մասշտաբները կարելի է փոքրացնել, բայց ընդհանրապես չեզոքացնել այն անհնար է:

Հայաստանում կան մի շարք խոշոր գործարարներ, որոնց բիզնեսների մի մասը գտնվում է ստվերում, և դրա շնորհիվ նրանք տարեկան մոտ կես միլիարդ դոլարով պակաս հարկեր են վճարում։ Դա նրանց ձեռնտու է, քանի որ միջին հաշվով՝ յուրաքանչյուրը շահում է մոտ 25 միլիոն դոլար։

Այդքան չարչրկված ստվերային տնտեսություն կոչվածը տնտեսական ձեռնարկությունների կողմից հարկերից խուսափելու հանգամանքն է: Տնտեսության ստվերայնությունը կամ «սև դաշտն» իրենից ավելի քիչ խնդիր է ներկայացնում, եթե այն համեմատենք ԱՊՀ-ի երկրների կամ հարևան Վրաստանի հետ: Հայաստանյան փոքր բիզնեսի մի մասը և միկրոբիզնեսը գրեթե ամբողջությամբ, այդ թվում՝ ընտանեկան և անհատական ձեռնարկատիրությունը, գտնվում են ստվերում և ընդհանրապես գրանցված չեն:

Ժամեր առաջ գործադիրի ղեկավարը, ՊԵԿ աշխատակազմին ներկայացնելով ՊԵԿ-ի նոր նախագահին, նշել է. «Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում այն գործարարի համար, որը դաշտում չէ և որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել: Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության վրա: Եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացնել, ապա այդ միջոցառումները չենք կիրառելու»:

Պետք է փաստենք, որ սա վերջին երկու տասնամյակում տարված արատներից է, երբ համակարգի բարեփոխումների կամ ստվերի դեմ պայքարի շրջանակներում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով տուժում են մաքուր դաշտում աշխատողները։

Պատկան մարմինների գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի սպիտակ դաշտում աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու: Ստվերային գործունեությունն այնպիսի երևույթ է, որը չի թողնում ոչ մի պաշտոնական հետք: Այստեղ չկան այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են, օրինակ, հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունները, չեն արտացոլվում եկամուտները կամ ծախսերը:

Ստվերային տնտեսությունն առկա է նույնիսկ զարգացած երկրներում, որտեղ բարձր է բնակչության և՛ կենսամակարդակը, և՛ եկամուտները, ինչպես նաև գործում է լիարժեք հարկային համակարգ:

ՊԵԿ-ում նոր պրոցես է սկսվում, իսկ թե ինչ արդյունք կունենանք, ցույց կտա ժամանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել