Այսօր առավոտյան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  Օհանովի փողոցում գտնվող «Yerevan-city»-ի  անմիջական հարևանությամբ  տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 

Վրաերթի ենթարկված կինը փորձում էր փողոցն անցնել հետիոտնի համար նախատեսված հատվածով, որի վրա, սակայն, բացակայում էին դեղին գծերը: Մերսեդեսի վարորդի պնդմամբ՝ ինքը չի  տեսել, որ ճանապարհի տվյալ հատվածը նախատեսված է հետիոտնի համար, որովհետև բոլորովին բացակայում են դեղին գծերը, իսկ վերևում փակցրած ճանապարհային նշանն էլ խիտ սաղարթի պատճառով վրիպել է վարորդի  տեսադաշտից:

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում թեթև մարմնական վնասվածքներ ստացած կինը տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ BlogNews-ը կրկին դիմում է ոստիկանությանը. ուղիղ մեկ ու կես ամիս առաջ ահազանգել էինք այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր բանուկ հատվածներում գրեթե բացակայում են դեղին գծերը, դե իսկ «Կինո Հայաստանի» տարածքում գտնվող խաչմերուկով, որը սպասարկում է երեք դպրոց, երկու մանկապարտեզ և վարչական շրջանի զբոսայգիները, եկեղեցին ու կինոթատրոնը, արդեն մեկուկես տարի է՝ հետիոտները սեփական կյանքը վտանգելով են երթևեկում, որովհետև դեղին գծերից այստեղ անգամ հետք չի մնացել: Այս ճանապարհներով օրական հազարավոր երեխաներ են քայլում,  ու քանի որ բացակայում են դեղին գծերը, նրանք փողոցն անցնում են որտեղով, որ պատահի: Մեկ անգամ ևս դիմում ենք պատկան մարմիններին. ուշադրության ներքո առեք քաղաքի, և մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ճանապարհների այս բարձիթողի վիճակը, քանի դեռ տեղի չի ունեցել հերթական անդառնալի հետևանքով վրաերթը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել