Հնարավոր էրԻնչպե՞ս եղավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց վստահության քվեն տվեցին ավելի քան կես միլիոն քաղաքացիներ ու ինչպե՞ս եղավ, որ այդուհանդերձ, նա պաշտոնապես հաղթող չճանաչվեց:

«Ժառանգության» թեկնածուի պարտության ամենահիմնական ծանր բեռը, կարծես թե, ընկնում է Երևանի վրա: Այն դեպքում, երբ մայրաքաղաքին է հասնում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ամենամեծ տոկոսը` շուրջ (հիմնական ցուցակով) 815,651, այս ընտրազանգվածից հազիվ քվեարկեց կեսից փոքր-ինչ ավելին (Երևանից մասնակիցների թիվը 446 հազարն է), իսկ արդյունքներն էլ ավելի հետաքրքրական են. գրեթե հավասարություն` 208 հազար Սերժ Սարգսյան, 181` Րաֆֆի Հովհաննիսյան: Ենթադրաբար, «տանն է մնացել» հիմնականում քաղաքացիների այն զանգվածը, որոնց ժամանակին բնորոշել են որպես «խոհանոցային ընդդիմություն» եզրույթով` մարդիկ, ովքեր միանշանակ դժգոհ են, սակայն իշխանության ձևավորման ոչ ուղղակի հնարավորությանը չեն մասնակցում և ամեն ինչի հանդեպ իրենց անհանդուրժողականությունը արտահայտում են մեկ գավաթ սուրճի շուրջ մտորումների ժամանակ: Այսպիսով, այս հատվածում ենթադրություն. Երևանը «քնած էր մնացել» նախագահական ընտրությունների ժամանակ: Րաֆֆու հաղթանակի չկայացման գործում հաջորդ կարևոր կետը երևի թե նրա թիմում ամրակազմ ու հաստակող «տղերքի» բացակայությունն էր, ովքեր կկարողանային «պարտադրել» արդարություն թե՛ բակային հանդիպումներում, թե՛ ընտրատեղամասերում, որտեղ «Ժառանգության» վստահված անձինք ամեն հնարավոր առիթով փաստում էին խախտումների մասին: Հարկավոր է չմոռանալ, որ Հայաստանում որքան էլ քարոզչական շրջանում կարելի եղավ օգտագործել հստակ լուծումներ, այդուհանդերձ, հարկ եղած ժամանակ` ընտրությունների օրը, պետք էր նաև հարված հասցնելու ունակ լինել ասիական ոճով, ասել է թե «ակն ընդ ակն»… Անվավեր ճանաչված քվեաթերթիկներն այս անգամ երրորդ «թեկնածուն» են, նմանատիպ երևույթ չէր արձանագրվել նախորդ ընտրությունների ժամանակ, որտեղ անվավերները չէին գերազանցում երեք հազարը, իսկ փետրվարի 18-ին այդպիսիններն ավելի էին քան 50 հազարը եղան: Կարելի է ենթադրել, որ դրանց թվում հստակ տոկոսաբաժին ունեն «րաֆֆիամետ» անվավերները: Վերջապես. տասնյակ հազարավոր շրջաններում գրանցված ՀՀ քաղաքացիներ, աշխատանքի փնտրտուքի կամ էլ ուսումնառության պատրվակներով բնակվում են Երևանում, իսկ հանգստյան օր հայտարարված փետրվարի 18-ին ընդամենը մեկ «պծիչկա» դնելու համար, այնքա՛ն անցանկալի է դուրս գալ տնից ու հասնել, օրինակ, Վանաձոր, եթե ոչ Մեղրի: Վերոշարադրյալ բոլոր կետերը թույլ են տալիս ենթադրելու, որ դրանց բացառման դեպքում նախ մասնակցության տոկոսը կլիներ ավելի բարձր, իր հերթին դրանով իսկ կավելանային ընդդիմադիր թեկնածուի օգտին տրված ձայները: Այստեղից արդեն նվազագույն շեմ թվացող երկրորդ փուլն այդքան էլ հեռու կամ էլ անիրական չէր թվա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել