Ներկայացվող լուսանկարում առաջին հայ կինոդերասաններից մեկն է՝ Արշո (Աշո) Շահխաթունին՝ հայ ազգային-ազատագրական պայքարի մեծ հերոս Անդրանիկ Օզանյանի դերում: Նկարի վրա առկա է դերասանի ինքնագիրը՝ ռուսերենով: Մեկ ժամ տևողությամբ «Անդրանիկ» խաղարկային համր ֆիլմը, որի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Արշո Շահխաթունին էր, նկարահանվեց 1928 թվականին Փարիզի «Արմենիա-Ֆիլմ» կինոստուդիայում և Ֆրանսիայում մեծ էկրան դուրս եկավ մեկ տարի անց: Ներկայացվում է նաև «Անդրանիկ» ֆիլմի գովազդային պաստառը:

Երևանում ծնված, դերասական ընտանիքում մեծացած և Թիֆլիսի ռազմական ուսումնարանն ավարտած Արշո Շահխաթունին զարմանալի ճակատագիր է ունեցել: Դեռևս 1913-14 թթ. նա նկարահանվում է Մոսկվայի «Խանժոնկով և Կո» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում: Զինվորական մասնագիտությունը կրկին պետք է գալիս Շահխաթունուն 1918 թ. մայիսյան հերոսամարտերի օրերին: Հայրենիքի համար այդ վճռորոշ պահին Շահխաթունին, լինելով Երևան քաղաքի պարետը, մեծ աջակցություն ցուցաբերեց Երևանի նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանի ղեկավարած արտակարգ շտաբին` իր ավանդը ներդնելով Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում: Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո Շահխաթունին արտագաղթում է Եվրոպա և հաստատվում Փարիզում: Այստեղ նորից փայլում է նրա՝ կինոդերասանի տաղանդը: 1920-30-ականներին Արշո Շահխաթունին նկարահանվում է մի շարք ֆրանսիական գեղարվեստական ֆիլմերում և բավականին մեծ համբավ ձեռք բերում Ֆրանսիայի կինոբոհեմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել