Image result for Ալվարդ ՊետրոսյաArmeniatv.am-ը գրում է.
Ալվարդ Պետրոսյանի կենսագրությունն ամբողջությամբ շաղկապված է մեր երկրի հետ. գրել է, երբ բոլորը կարդում էին, խոսել է, երբ պայքարում էին:

Արդեն հինգ տարի Ալվարդ Պետրոսյանը կտրականապես հրաժարվում է նշել իր ծնունդը: Հինգ տարի առաջ, ծննդյանը օրը` 65-ամյակին, նա ստանում էր նախագահի մրցանակը, երբ իմացավ, որ միակ զավակը` որդին Նարեկը հիվանդ է: Տասն ամիս անց Նարեկ Պետրոսյանը 39-ը տարեկանում մահացավ: Այդ տարվանից հոկտեմբերի չորսը Ալվարդ Պետրոսյանի օրացույցում Նարեկի հիվանդության մասին իմանալու օրն է, ոչ ծննդյան: Այդ օրը նա տանն է, ինչպես մյուս օրերին, զանգերին սովորաբար չի պատասխանում: Եթե համառում են, խնդրում է զանգահարել հաջորդ օրը: Ալվարդ Պետրոսյանի հետ հանդիպել էինք չորս տարի առաջ, երբ որդու կորստի վերքը դեռ թարմ էր, վիշտը խորը և չսփոփվող: Չորս տարի անց, անվանի գրողն ու հրապարակախոսը 70-րդ տարեդարձին մի քիչ կենսուրախ է, բայց ոչ այն պատճառով, որ որդու կորստի ցավը մեղմվել է: Թոռները` Նարեկի որդիները, Գոռն ու Շանթը Ալվարդ Պետրոսյանի ժամանակաչափն են, ապրելու շարժիչը, ստեղծագործելու մուսան և 7-րդ տասնամյակի նոր ընկերները: 

Ալվարդ Պետրոսյանի կենսագրությունն ամբողջությամբ շաղկապված է մեր երկրի հետ: Գրել է, երբ բոլորը կարդում էին, խոսել է, երբ պայքարում էին, եղել է և «Գարուն»-ում, և խորհրդարանում: Մի ոտքով գրականության մեջ, մյուսով` քաղաքականության: Հիմա մեկով անցյալում է՝ ընկերներից շատերն արդեն չկան, մյուսով՝ թոռների ապագայի: 

Դասականի մասին Ալվարդ Պետրոսյանը խոսեց, երբ ակնարկեցի, որ շատերը նրան, արդեն, համարում են կենդանի դասական: Նա դասական չէ, թեկուզ այն պատճառով, որ մինչև հիմա լսում է, սովորում և զարմանում:

Մեր զրույցը Նարեկի արվեստանոցից մշտական կեցավայր դարձած հյուրասրահում էր, որտեղ նրան շրջապատել էին ծաղկեփնջերը` ՀՀ նախագահից, Մշակույթից նորանշանակ նախարարից: Ասում է՝ ծաղիկներն անակնկալ էին, երբեք չի ակնկալել և միշտ զարմացել է: 

Ալվարդ Պետրոսյանը մԻ քանի օրից ընթերցողին կներկայացնի իր նոր գիրքը: Սա գրեթե անիրական էր թվում 4 տարի առաջ: Տիկին Ալվարդը որդուց հետո ոչ միայն ի վիճակի չէր գրել, այլև նույնիսկ խոսել: Հիմա նոր գիրք՝ նոր բանաստեղծություններով: Գրքի երկրորդ մասը էսսեներ են, հիշողություններ, ու վավերագրություններ: Դրանց մի մասը արդեն թարգմանվել է ռուսերեն: Ալվարդ Պետրոսյանը խոստանում է հետաքրքիր մանրամասներ ու հուշեր այն մարդկանց մասին, որոնք այսօր չկան կամ որոնց մասին այդպիսի պատմություններ դեռ չեք լսել:

Ալվարդ Պետրոսյանը մարդու որակների և հաջողությունների հիմքում տեսնում է հենց ազգային որակները, տոհմիկ պատկանելությունը, գենետիկ հիշողությունը և այն ժամանակը, քաղաքակրթական այն միջավայրը, որտեղ նա ապրում է: 

Երկար պայմանավորվում էինք, թե երբ նորից հանդիպենք: Գրողն ասում էր՝ ես անհամբեր չեմ, մոդայիկ չեմ, ոչ էլ դասական: Հետևաբար, պետք է սպասել, նայել, ապրել: Հետո` կերևա, երբ պետք լինի: Չափի զգացումն է տարբերակում մարդկանց, և գիտելիքի պաշարն է բարդացնում խոսքը: Խելացիները սովորաբար ոչ առաջին պլանում են, ու ոչ էլ շատախոսում են: Նրանք լռում են և գրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել