Դավիթ Բեկ (ծննդյան թ. անհայտ– 1728), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։
Պատմական ակնարկ
Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIIIդ. սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 
1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722–ին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722–ին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722–ի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։
Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը
Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկի առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքներիև մահմեդական ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725–ի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, մահմեդական հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727–ին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատակարանում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728–ի գարնանը քուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար սպարապետը։
Ժամանակագրություն 
  • 1722թ. - Առաջին հարվածը Ղարաչոռլու կոչվող ռազմիկ ցեղի նկատմամբ, որը տեղավորվում էր Որոտանի ծովը տանող ճանապարհին և ուներ ռազմական շոշափելի առավելություն և դրանով խոչընդոտում էր հայկական զինված ուժերի միավորմանը և համագործակցությանը։ 
  • 1722թ. - Դավիթ Բեկը հաստատվեց Շինուհայր/Շնհեր/ ավանում և ձեռնամուխ եղավ բերդի ամրացմանը։ 
  • 1722թ. - Շինուհայրում Դավիթ Բեկը հրավիրեց Տաթևի առաջնորդին, շրջակայքի հայ Զինվորության ղեկավարներին և առաջնորդներին միավորել ուժերը թշնամու հնարավոր հարձակման դեմ։ 
  • 1722թ. - Ջեվանշիր ցեղի մեջ էր մտնում նաև Ղարաջոռլուներին օգնության հասած Օթուզիքի ցեղը։ 
  • 1722թ. - Դվիթ Բեկի հրամանով Մխիթար Բեկը հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց Քյուրթալ կոչվող ավանում կենտրոնացած թշնամուն: 
  • 1722թ. - Շինուհայրում Դավիթ Բեկին ներկայացան Չավնդուրի տանուտեր Թորոսը և Գողթնի ու Հին Ջուղայի տանուտերերը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ կռվելու նրա հետ միասին։ 
  • 1722թ. - Հակառակորդի գերակշիռ ուժերը ջլատելու նպատակով կիրառել է ահաբեկչական տակտիկա /գույքաթափ, զինաթափ էր անում, խլում էր երիվայրները և այդ ամենը ծառայեցնում պատերազմի պետքերին, նույն ձևով վարվում էր նաև իրեն դիմադրող մելիքների հետ։ 
  • 1723-1724թթ. - Պատժվեցին մահմեդականություն ընդունած Տաթևի տեր Մելիք Բաղրը և դավաճան Երիծվանիկի Մելիք-Ֆրանգյուլը։ Նրանք երկուսն էլ զրկվեցին իրենց ունեցվածքից և գլխատվեցին։ 
  • 1724թ. - Գարուն-Ղարաբաղի սղնախների 2000 մարտիկ Ավան յուզբաշու և Իվան Կարապետի օգնությամբ անցան Ղափան և Դավիթ Բեկի հետ մասնակցեցեին Զեյվա և Որոտան բերդերի շուրջ ծավալված պայքարին։ 
  • 1724թ. - Դավիթ Բեկը, Սիսիանից անցնելով Փոքր Ղափան, մոտ 6-7 հազարանոց բանակով հաջողությամբ դիմադրեց հակառակորդի բազմահազար հետևակ և հեծյալ գնդերին։ Կռվին միացում էին Մեղրիի, Կալերի և Գենուազի մարտիկները։ 
  • 1720թ. - Ղարաբաղի սղնախներում կազմակերպական և ռազմական գործունեությամբ համբավ ստացան «շիրվանցի տղերքը», այսինքն՝ Շամախու խանական զրորքերի մեջ ծառայող հայ զինվորականները։ 
  • 1717թ. - Ավան յուզբաշին անցավ Ղարաբաղ և անուն հանեց սղնախների ռազմական հետագա մարտերում: 
  • 1722թ. - Մայիս- լեզգիների դեմ գանձակեցիներին օգնության հասնող վրաց զորքերը վարձատրվեցին ռազմական ավարի հաշվին` քաղաքի շրջակա գավառների բնակչությանը թալանելով: 
  • 1720-ական թթ. - Իրանահայ առևտրական միջավայրից մի շարք գործիչներ ասպարեզ եկան, ակտիվորեն կապվելով հայ ազատագրական շարժմանը, մի քանիսն էլ ռուսական կողմնորոշման մեջ տեսան հայ ժողովրդի փրկությունը: 
  • 1724թ. - Իվան Կարապետը Ղարաբաղ հասցրեց Պետրոս Մեծի հայ ժողովրդին ուղղած կայսերական հրովարտակը, ըստ որի` ցարը իր հովանու տակ է առնում հայերի ազատագրական պայքարը Կասպից ծովեզերքին ռուսների ամրանալուց հետո: 
  • 1724թ. - Իվան Կարապետի առաջարկով սղնախները դիմում հղեցին Պետրոս Մեծին Խնդրելով իրենց պաշտպանել «անօրենների սրից»։ 
  • 1724թ. ամառ - Իվան Կարապետը կապ հաստատեց Ղափանի դիմադրական շարժման ղեկավարների հետ: 
  • 1724թ.- Ղարաբաղի սղնախների ուժերով Իվան Կարապետը օգնում է ղափանցիներին՝ խոստանալով Ռուսաստանի հովանավորությունը: 
  • 1723թ. - Գիլանը գրաված գեներալ Լևաշովը ցարի պատվերով կապվեց շահի դեմ ապստամբած աֆղանների ղեկավար Միր Մահմուդի հետ և խոստանալով նրան Իրանի գահակալ ճանաչել, պատվիրեց հրաժարվել Թուրքիային հպատակվելու մտքից: 
  • 1723թ. - թուրքերը մտան Թիֆլիս` պատրաստվելով գրավել Երևանը և ողջ Անդրկովկասը: 
  • 1723թ. - Պետրոս ցարը որոշեց հակաթուրքական պայքար կազմակերպել Անդրկովկասյան ժողովուրդների և Իրանի միջոցով: 
  • 1723թ. - Իվան Կարապետը Գանձակի մուսուլմաններին կոչ արեց համաձայնություն կնքել Ղարաբաղի քրիստոնյաների հետ: 
  • 1723թ. - Գանձակի ադրբեջանցի և հայ զինված ուժերը միացան Կախեթի Կոնստանդին թագավորին (Գանձակի բեկլարբեկի`Մուհամադկուլի խանի) և 18-20 օր դիմադրեցին Իբրահիմ փաշայի բանակին: 
  • 1723թ. - Թուրքերը պարտություն կրեցին Գանձակում, որի պաշտպանությանը մասնակցեցին վրաց-ադրբեջանական զորամասերից բացի նաև հայ մերձավոր սղնախները: 
  • 1723թ. - Հայ սղնախները դիմադրեցին լեզգիների առաջնորդի` Հաջի Դավուդբեկին, խոչընդոտելով անցնել Քուռը և թուրքերին միանալ՝ Գանձակի վրա հարձակման ժամանակ: 
  • 1724թ. մարտի 24 – Կնքվեց Գանձակի պայմանագիրը իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու ադրբեջանական ֆեոդալների և հայկական սղնախների միջև՝ շահ Թահմազ 2-րդի ներկայացուցիչների, Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կարապետի և Գնձակի բեկլարբեկի` Մուհամադկուլի խանի մասնակցությամբ: 
Գանձակի պայմանագիր 
  • Սղնախների հայ բնակչության ղեկավարները հպատակվելու են Գանձակի խանության զաջար իշխանավորներին, 
  • Հայերը հրաժարվում են Գանձակ քաղաքի կալվածատերերի և մյուս շիա մուսուլմանների դեմ իրենց ունեցած ապստամբական դիրքորոշումից, 
  • Հայերի օգնությունը Գանձակի ազգաբնակչությանը` թուրքերի հարձակման դեպքում լինելու է փոխադարձ: 
  • 1724 թ. հուլիսի 12 – Կ.Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը: 
Ռուս-թուրքական պայմանագիր 
  • Թուրքիան ճանաչում է Ռուսաստանի տիրապետությունը` Դերբենդից մինչև Մազանդարան ընկած Կասպից ծովի առափնյա շրջաններում, 
  • Ռուսաստանը ճանաչում է Թուրքիայի տիրապետութունը Իրանի անդրկովկասյան տիրույթների նկատմամբ (ներառյալ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը և այն իրանական հողերի վրա, որոնք գտնվում էին Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հս. ու Թավրիզ-Քերմանշահ գծից դեպի արմ.): 
  • 1724թ.- Արիֆ Ահմեդ փաշան, իր տրամադրության տակ ունենալով Կարսի 100-ավոր թնդանոթներ, Գյումրիի վրայով մտավ Արարատյան դաշտ և պատրաստվեց պաշարել Երևանը:
  • 1724թ.-Սուրմալուի, Շորգյալի և Ապարանի շրջանների շուրջ 300 գյուղերի բնակիչներ քշվեցին Թուրքիայի խորքերը: 
  • 1724թ. Թուրքիան գրավեց Օրդուբադը: 
  • 1724թ. Թուրքիան գրավեց Նախիջևանը: 
  • 1724թ. Թուրքիան գրավեց Գողթնը: 
  • 1724թ. Թուրքիան գրավեց Հադամանը: 
  • 1724թ. Թուրքիան կենտրոնացրեց ուժերը Երևանն ու Թավրիզը գրավելու համար: 
  • 1724թ. Պաշարված Երևանը դիմադրեց 3 ամիս 
  • 1724թ. Երևանը պաշարած թուրքական զորքը տվեց 20 հզ. զոհ: 
  • 1724թ. Պարենի կարիքն ստիպեց Երևանի Մահրալի խանին քաղաքը հանձնելու բանակցություններ սկսել: 
  • 1724թ. սեպտեմբեր 26- պաշարված Երևանը անձնատուր եղավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել