Exclusive

Հոկտեմբերի 31-ից «Ucom» ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր՝ «Ցանկալի փեսացու» հեռուստանախագիծը, որի շրջանակներում դերասան Սոս Ջանիբեկյանը կփորձի գտնել իր սրտի տիրուհուն։ Նախագծի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը BlogNews-ի հետ զրույցում ասաց, որ «Ցանկալի փեսացուն» իրապատում (reality show) հեռուստանախագիծ է՝ խաղի էլեմենտներով։

Պրոդյուսերի խոսքով՝ ցանկալի փեսացուին՝ Սոս Ջանիբեկյանին, ընտրել են պրոդյուսերական խմբի անցկացրած վերուծությունից հետո։ «Սոցիալական հարցումների, սոցցանցերի, գլամուրային հեղինակային ամսագրերի մոնիթորինգի միջոցով փորձեցինք պարզել, թե հայտնի տղամարդկանցից ո՞վ է ամենապահանջվածը։ Այդ ցուցակում Սոսը բավականին բարձր դիրքերում էր։ Բնականաբար, սկսեցինք համոզել Սոսին։ Ասեմ, որ  նրան այս ամենում ներգրավելը շատ բարդ պրոցես էր»,- հիշեց Հրաչն ու շեշտեց, որ դերասանը մի շարք մտավախություններ է ունեցել մասնակցությունը հաստատելուց առաջ։ «Պարզվեց, որ Սոսը, լինելուվ տաղանդավոր ու շատ հետաքրքիր դերասան, նաև շատ համեստ մարդ է։ Մտածում էր՝ ինչու պետք է աղջիկները գան իր համար պայքարելու, ինքն էլ ընտրի։ Շատ երկար պրոցես էր, բայց, ի վերջո, իրեն համոզեցինք»,- նշեց նա։

Հարցին՝ աղջիկները որքանո՞վ են հետաքրքրված Սոսով, նրանց մոտիվացիան Սոս Ջանիբեկյանի սիրտը գրավե՞լն էր, թե՞ հայտնիությունը, որ կտա նախագիծը, Հրաչ Քեշեշյանը պատասխանեց. «Մեզ համար էլ սկզբում պարզ չէր՝ աղջիկների կողմից ամեն ինչ անկե՞ղծ է, թե՞ հարաբերակցությունը 50/50 է, սակայն վարդերի մեծ արարողության օրը՝ առաջին հանդիպումը Սոսի հետ, ցույց տվեց, որ իրենց մեջ կար ներքին լարվածություն, դող, հուզմունք։) Աղջիկները շատ լուրջ են մոտենում այս ամենին։ Հիմա չեմ ուզում շատ գաղտնիքներ բացել, սակայն ներքին խոսակցություններից նույնիսկ գիտեմ, թե ով ինչպես է պատրատվում և ինչ է ուզում անել Սոսի սրտին հասնելու համար»։

Ի դեպ, Սոսի սիրտը գրավելու համար աղջիկները զերծ չեն մնում ինտրիգներից։ Պրոդյուսերը նշեց, որ իրենք փորձում են ամեն ինչ արձանագրել. տեսախցիկներն անջատվում են միայն այն ժամանակ, երբ աղջիկները գնում են քնելու։ «Մինչ ուշ գիշեր տեսախցիկներն աշխատում են ու, բնականաբար, կան նաև շատ հետաքրքիր, ինտրիգային, սուր պահեր։ Ես համոզված եմ, որ որքան մոտենա ավարտը, այնքան ավելանալու են ինտրիգները»,- ասաց Հրաչն ու հավելեց, որ նկարահանումների ամբողջ ընթացքում աղջիկներն իզոլացված են հասարակությունից, նրանք ապրում են հյուրանցում։

Պրոդյուսերի խոսքով՝ նախագծին մասնակցելու համար բազմաթիվ աղջիկներ էին հայտագրվել, և նախնական ընտրությունն էլ հեշտ չի եղել։ Ի վերջո, ընտրվել են 12-ը։ «Ամեն շաբաթ հերոսը հրաժարվում է իր սրտին հավակնող աղջիկներից մեկից։ Յուրաքանչյուր շաբաթ 12 գեղեցկուհուց մեկը լքում է նախագիծը։ Հերոսն իր վերջնական ընտրությունը կանի 2 գեղեցկուհու միջև։ Թե հետագան ինչպես կդասավորվի, ցույց կտա ժամանակը»,- ավելացրեց նա։

Նախագծի նկարահանման աշխարհագրությունը բավականին մեծ է։ Նկարահանումները սկսվել են Ֆրանսիայի Կանն քաղաքից, որտեղ նկարահանվել է Սոսի պրոֆայլը։ «Դա իրապատում էր, որովհետև Սոսն այդ ժամանակ իսկապես իր հանգիստ էր վայելում Կաննում։ Փորձեցինք մի փոքր «գողանալ» մեր հերոսի առօրյայից և ներառել նախագծում։ Աղջիկների հետ նկարահանումները սկսվեցին Երևանից, ապա գնացինք Ծաղկաձոր, Վրաստան։ Նախագծի աշխարհագրությունը բավականին լայն է»,- եզրափակեց պրոդյուսերը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել