Նոր սիթքոմներ Հայկ Մարությանի և Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ, սիրային պատմություններով, ուրախության և հիասթափության արցունքներով հագեցած ռեալիթի շոու՝ Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ, պատմական հեռուստաֆիլմ՝ Ժան և Արման Նշանյանների, Շաքե Թուխմանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Աննա Գրիգորյանի և այլ դերասանների մասնացությամբ. հոկտեմբերի 31-ից «Ucom»-ի բաժանորդները հնարավորություն ունեն «Արմենիա Պրեմիում»-ի եթերում հետևելու նոր ու հետաքրքիր նախագծերի, որոնց մի մասն աննախադեպ է հայկական հեռուստատեսության համար։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը և «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Նախորդ տարի «Արմենիա TV»-ն և «Ucom» ընկերկությունը հայկական կաբելային հեռուստատեսության ցանցում ստեղծեցին 6 նոր հեռուստաալիք, որոնք արագ սիրվեցին հեռուստադիտողների կողմից, իսկ նրանցից մեկը՝ «Արմենիա Պրեմիում»-ը ստանձնեց առաջատարի դիրքը։ Ընկերությունները ձեռք են բերել նոր պայմանավորվածություն այս ալիքի համար առանձին հեռուստակոնտենտ ստեղծելու վերաբերյալ։ «Պրեմիում» բառը նույնացվում է լավագույն բառի հետ, կարելի է ասել, որ մեր 4 նախագծերը համապատասխանում են այս չափանիշին։ Այս նախագծերով «Պրեմիումը» հնարավորություն է ստանում դառնալու սուպեր ալիք, այսինքն՝ անհասանելի»,- ասաց Դավիթ Բաբախանյանը և հավելեց, որ եթերում կլինեն «Հին արքաներ» բազմասերիանոց պատմական խաղարկային հեռուստաֆիլմը, «Ազիզյանները» և «Change» սիթքոմները, «Ցանկալի փեսացու» իրապատումը, սակայն սա դեռ ամենը չէ. եթերում անընդմեջ լինելու է նոր կոնտենտ։ «Եթերը սկսվում է հոկտեմբերի 31-ին և ձգվելու է մինչև հաջորդ տարվա նոյեմբերի սկիզբ։ Մենք խոսում ենք մեկնարկային նախագծերի մասին, սակայն յուրաքանչյուրի ավարտին անմիջապես կա՛մ հաջորդելու է նոր նախագիծ, կա՛մ հաջորդ եթերաշրջանը»,- ավելացրեց «Արմենիա» ՀԸ տնօրենը։
«Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց, որ իրենք ունեն տեխնոլոգիական լուծումներ, «Արմենիան»՝ կոնտենտային։ ««Արմենիա Պրեմիումի» հարթակում միանալով՝ երկուսը ստեղծում են նոր ներուժ կաբելային հեռուստատեսության ոլորտում։ Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց խիստ կարևոր է, որ զարգացում ապրի նաև հեռուստատեսային բովանդակությունը: Այդ պատճառով է, որ մենք ինքներս ենք նպաստում մեր հեռուստադիտողների համար նախատեսված բովանդակության ստեղծմանը և հովանավորել ենք հայ ամենահայտնի դերասանների մասնակցությամբ ստեղծված պատմական սերիալը, երկու սիթքոմները և ռեալիթի-շոուն։ Կարծում եմ՝ մեր բաժանորդները հաճուքով կնայեն այս կոնտենտը»,- ասաց նա։
«Արմենիա Պրեմիում» ալիքի համար առանձին վճար չի գործելու։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի