Այս անգամ Անկա Սարիբեկյանի հյուրը երգիչ Գուրգեն Դաբաղյանն է, ով խոսել է իր նոր տեսահոլովակից, առողջ ապրելակերպից և շրջագայություններից:
- Գուրգեն, շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար: Ինչպե՞ս եք և ինչպե՞ս է սկսվում Ձեր առավոտը:
- Բարի առավոտ: Շատ ուրախ եմ, որ Ձեր հյուրն եմ, սիրելի Անկա: Առավոտն ինձ մոտ սկսվում է առաջին հերթին լվացվելով, լոգանք ընդունելով և մրգով. սա արթնանալու իմ տարբերակն է:
- Քանի որ մենք նույն վարչական շրջանում ենք բնակվում, դեռ փոքր տարիքից ձեզ հաճախ կարելի էր տեսնել հեծանիվով։ Պահպանվե՞լ է արդյոք այդ սովորությունը:
- Ցավոք, ոչ։ Ժամանակը չի հերիքում: Հիմա մեքենան է լրացրել այդ տեղը, անընդհատ վազքի մեջ գտնվելով՝ չեմ հասցնում, բայց հեծանիվ վարել շատ եմ սիրում: Առհասարակ առողջ ապրելակերպ եմ վարում՝ հաճախում եմ մարզասրահ, քայլում եմ, լիցքաթափվում:

- Գուրգեն, ցավոք, պետք է փաստենք, որ մեզ մոտ համերգներով ներկայանալու բաց է նկատվում, չնայած ես հույս ունեմ, որ շուտով այդ բացը կլրացվի: Դուք որտե՞ղ եք ներկայանում և ունենու՞մ եք արտերկրից հրավերներ:
- Այո, պետք է նշեմ, որ մեզ մոտ համերգների իսպառ բացակայություն կա, և դա երկուստեք վատ է՝ թե՛ մեր սիրելի երկրպագուների համար և թե՛ մեզ, քանի որ մենք առիթ չենք ունենում համերգային տարբերակով ներկայանալու մեր սիրելի հանդիսականին: Արտերկրից հրավերներ միշտ լինում են, սփյուռքի մեր հայրենակիցների հետ հաճախ են լինում հանդիպումներ թե՛ համերգների շրջանակներում և թե՛ կորպորատիվ երեկոների ընթացքում, իսկ Հայաստանում եղած ժամանակ, եթե լինում են համերգներ, կատարվում են մի շարք աշխատանքներ, օրինակ՝ վերջին շրջանը բավականին ակտիվ և բուռն է ինձ համար, քանի որ իմ սիրելի երկրպագուներին ներկայացրեցի ևս մեկ տեսահոլովակ:
- Դուք այն արտիստներից եք, ում աշխատանքային ողջ գործունեությանը հետևում էր և շատ սիրում ժողովրդի մեծ մասը: Դուք միշտ հայտնվում եք եթերում միայն այն ժամանակ, երբ կա ասելիք: Վերջապես նոր երգ, նոր տեսահոլովակ, որին Ձեր երկրպագուներ սպասում էին:
- Շնորհակալ եմ շատ ջերմ խոսքերի համար: Խոսեմ նոր երգի և տեսահոլովակի մասին: Երգը կոչվում է «Հայն է գալիս», որի հեղինակը մեր արցախյան պատերազմի մասնակից հերոս Արտակ Օհանյանն է, ով զոհվել է 1993 թվականին: Երգը շատ պատահական համացանցում լսեցի․ դա արխիվային վիդեո էր, որ ինձ շատ հուզեց: Սկսեցինք իմ թիմի հետ միասին աշխատել երգի վրա, գործիքավորումը կատարեց իմ լավ ընկերներից Գարեգին Առաքելյանն, ում հետ երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք: Այնուհետև անցանք ձայնագրման փուլին, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան տաղանդավոր երաժիշտներ՝ դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, ով իր անզուգական հնչյուններով զարդարեց երգը, և Վահան Զաքարյանը, ով զուռնայի, բլուլի և պկուի հրաշալի մեղեդիները կատարեց: Որոշեցինք, որ տեսահոլովակը պետք է նկարահանի տաղանդավոր ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը: Նկարահանման ընթացքը բավականին բարդ էր, և շատ շոգ էր:



Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



