Картинки по запросу USA RussiaՌուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը կարծես թե մոտենում է իր գագաթնակետին։ Ռուսաստանը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, որը նախկինում ձեռք էր բերվել էներգետիկ ու գիտական մի շարք ոլորտներում երկու երկրների համագործակցության ոլորտում։ Ռուսները սա մեկնաբանում են որպես ԱՄՆ-ի կողմից ոչ գործընկերային մոտեցում իրենց հանդեպ։ Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական հարցերում տարաձայնությունների մի ամբողջ փաթեթ ունենալուց բացի՝ ռուս-ամերիկյան հարաբերություններն այժմ անմիջականորեն վտանգի տակ են արդեն նեղ համագործակցության շրջանակներում։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հաստատել է, որ կվերանայի իր որոշումը, եթե ԱՄՆ-ն միջպետական պայմանավորվածությունները կատարի ըստ պատշաճի։
 
Հարկ է նշել, որ առհասարակ էներգետիկ անվտանգության, ատոմային մի շարք դրույթների շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տարաձայնությունները նոր չեն սկսվել, և Ռուսաստանը վաղուց հայտարարել է, որ չի կարող այնպիսի նուրբ թեմաներում, ինչպիսիք ատոմային էներգակիրների փորձարկման ոլորտն է, համագործակցել մի երկրի հետ, ով ըստ պատշաճի չի կատարում միջազգային պայմանավորվածությունները։ Եվ ուրեմն՝ կարելի է արձանագրել, որ ուկրաինական ու սիրիական ճգնաժամը, որտեղ այս երկու երկրները գլխավոր խաղացողներն են, բացասաբար է անդրադառնում նաև ռուս-ամերիկյան՝ արդեն անմիջական հարաբերությունների վրա։ Սա ոչ այլ ինչ է, քան սառը պատերազմի դրսևորում, և գլխավոր վտանգն այն է, որ այս հակամարտությունները դեռևս կարգավորված չեն։ Կոմպրոմիսային տարբերակի մասին դեռ խոսք լինել չի կարող, որովհետև երկու երկրների արտաքին գերատեսչությունները հայտարարել են, որ Սիրիայի հարցով որևէ փոխզիջման մասին խոսելն առայժմ անիմաստ է, դե իսկ Ուկրաինան, բացի արտաքին քաղաքական խնդիրներից, ներքաղաքական լուրջ ցնցումների մեջ է, և տեսանելի ապագայում այդ երկրում կայունության հաստատման հույս ունենալը քաղաքական միամտություն կլինի։
 
ԱՄՆ-ում նոյեմբերի ութին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Շատ բան երկու երկրների հարաբերություններում կախված է նաև այդ ընտրությունների արդյունքներից։ Եթե հաղթի Հիլարի Քլինթոնը, ապա ռուս-ամերիկյան հարաբերությունների մի նոր ճգնաժամ կարող ենք անկնկալել նաև այդ ժամանակ, քանի որ Քլինթոնը բազմիցս իր հրապարակումներում ու ելույթներում դատապարտել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ու նրան նույնիսկ մեղադրել Դեմոկրատական կուսակցության կայքերի վրա հաքերական հարձակման մեջ։ Դոնալդ Թրամփն ավելի կառուցողական դիրքորոշում ունի Ռուսաստանի հարցում, թեպետ Հիլարի Քլինթոնի հետ վերջին բանավեճում Թրամփը ևս զերծ չմնանց Ռուսաստանին քննադատելուց։
 
Ատոմային էներգակիրների թեման բավական նուրբ թեմա է։ Սա, ըստ էության, այն խաղն է, որից զգուշանում է թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն և թե՛ առհասարակ ամբողջ աշխարհը։ Մնում է միայն հույս հայտնել, որ երկու գերտերությունները կգտնեն ինչ-որ ձևաչափ, որը հարցին համապարփակ կարգավորում կտա ու չի վտանգի նաև միջազգային հանրությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել