«Ես ինքնուրույն եմ սովորել Հայաստանի պատմությունը: Հենց օդանավը վայրէջք կատարեց Հայաստանում, առաջինը  ուզում էի Արարատը տեսնել, որ մինչ այդ միայն նկարներով էի տեսել»: Այսպես է 78-ամյա սոմելյեն ու գինու բլոգերը նկարագրում իր առաջին այցը պատմական հայրենիք: Արմանդ Մելքոնյանի ընտանիքը Ցեղասպանությունից հետո բնակություն է հաստատում Փարիզում, արդեն 31 տարեկանում այս երիտասարդը մասնակցում է սոմելյեների միջազգային մրցույթին ու տիտղոսով դառնում աշխարհի առաջին լավագույն սեմելյեն: Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամը CBI ֆինանսավորմամբ Արմանդ Մելքոնյանի ու եվրոպացի ևս չորս բլոգերների համար այց էր կազմակերպել Հայաստան: Նրանք շրջեցին Վայոց Ձորով, Արագածոտնի և Տավուշի գինեգործական կենտրոններով, զրուցեցին տեղացի գինեգործների հետ հասկանալու համար ինչ տեխնոլոգիայով է Հայաստանում գինին արտադրվում: Տեղական գինու համի ու հոտի մասին ոչ միայն տեսական գիտելիքներ հավաքեցին, այլ նաև գործնականում հասցրին համտեսել տեղական արտադրության գինին: Ֆրանսահայ սոմելյեն հայկական գինու որակի կտրուկ աճ նկատեց. «Տարիներ առաջ, երբ համտեսում էի հայկական գինի, զգում էի քաղցրություն, որն ինձ այդքան էլ դուր չէր գալիս, բայց հիմա հայկական արտադրանքի որակը կտրուկ բարձրացել է»: Հարցին, թե ինչն է ամենից շատ ասոցացվում Հայաստանի հետ, սոմելյեն խոստովանեց. ««Ինձ մանկուց պատմել են Հայաստանի մասին, որ այն գեղեցիկ երկիր է, որտեղ  մարդիկ սիրալիր են ու հյուրընկալ; Ֆրանսիայում մայրիկս միշտ հայկական ուտեստներ էր պատրաստում, երբ իմացա, որ գալիս եմ Հայաստան, որոշեցի՝ այստեղ անպայման պետք է ավանդական խոհանոցը փորձեմ: Ինչ վերաբերում է հայկական գինուն, ապա ես եկել եմ, որ սեփական աչքով տեսնեմ՝ ինչպես է Հայաստանում գինին արտադրվում, համտեսեմ այն, իսկ հետո աջակցեմ, որ այս գինիները մասնակցեն Meilleur Sommelier du Monde մրցույթին, որտեղ ես գինիների ժյուրիի անդամ եմ: Այս մրցույթին ներկա են լինում լրագրողներ ամբողջ աշխարհից, իսկ հեռուստացույցով դրան հետևում են հազարավոր մարդիկ»: Իսպանիայից, Էստոնիայից, Լեհաստանից էլ ժամանած բլոգերները վերադարձից հետո լրատվության իրենց հարթակներում նախատեսում են հայկական գինուն ու գինեգործության պատմությանը անդրադառնալ, իսկ գովազդային արշավը կարևոր է նրանով, որ  այսօր Հայաստանը փորձում է գտնել գինու արտահանման նոր շուկաներ հենց Եվրոպայում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել