EXCLUSIVE

Հաղորդավարուհի Մարինա Գրեգին շուտով կտեսնեք ֆիլմում: Սա հաղորդավարուհու առաջին փորձն է, իսկ տպավորությունների և մանրամասների մասին նա կիսվել է BlogNews.am-ի հետ: 

«Նկարահանվել եմ ռուս-հայկական ֆիլմում: Միքայել Պողոսյանի ֆիլմն է, իսկ ռեժիսորը Ալեքսեյ Զլոբինն է: Նկարահանվելու առաջարկը ստացել եմ ամռանը, խաղում եմ էպիզոդիկ դերում․ լուրերի հաղորդավարուհի եմ: Մի քանի օր առաջ ավարտվել են ֆիլմի նկարահանումները, և դեռ չգիտեմ՝ երբ կլինի պրեմիերան»,- պատմում է Մարինան և ավելացնում, որ նկարահանումները բավականին հետաքրքիր են անցել:

«Ամեն ինչ այնքանով էր լավ, որ ինքս իմ դերն էի կատարում, և կարիք չկար ավելորդ դերասանության: Առաջին անգամ էի ինձ փորձում ռեժիսորի տեսախցիկի օբյեկտիվի առջև: Արդյունքն էլ արդեն ֆիլմի ժամանակ կտեսնեք»:

Չնայած նկարահանումները հետաքրքիր են անցել, բայց Մարինան իրեն չի փորձի դերասանուհու կարգավիճակում. «Ես միայն ուրախ եմ, որ, փաստորեն, իմ իրական կերպարը ճիշտ է ընդունվել, և մարդիկ հենց այդպիսի դերում և կերպարում են ուզում ինձ տեսնել»:

Մարինան ոճային փոփոխությունների սիրահար է, և այն պահին, երբ զրուցում էինք, նա գեղեցկության սրահում էր և պատրաստվում էր հերթական փոփոխությանը. «Ես հասկացել եմ, որ իրականում գույները կապ չունեն․ իմ հոգեվիճակը կապ ունի: Ամառվանից հետո շատ էի ուզում կտրուկ փոփոխություն, բաց գույնից հետո ավելի մուգ բան էի ուզում »:

Խոսելով հաղորդավարուհու իր կարգավիճակից՝ Մարինան նշեց, որ ոչինչ չի փոխվել. «Հիմա եթերում ենք ժամը մեկ, և երեկոյան եթերի ժամանակ ինձ միանում է իմ գործընկեր Կարեն Մոլիտվինը: Կարենի հետ մենք աշխատել ենք դեռ «21 Թիվի»-ում, հեռուստադիտողը շատ էր ցանկանում մեզ տեսնել միասին: Հիմա ես և Կարենը լրիվ այլ ձևաչափում ենք հանդես գալիս, ինչի համար շատ ուրախ եմ, և շատ կարևոր է, որ գործընկերդ քեզ հասկանում է»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել