Картинки по запросу ընտրություններԵվս մեկ ընտրություններ անցան բազմաթիվ ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով, իսկ թե որոնք են եղել հիմնական ընտրակեղծիքները, կարող եմ առանձնացնել առավել խոշոր չափերի հասնողները.

1) ընտրակաշառք - սկսած 2000 դրամից մինչև 5000 դրամ,
2) ուրիշի փոխարեն քվեարկություն,
3) կրկնակի քվեարկություն,
4) և, իհարկե, որպես օգնող ծերերին (որոնք մեծ թիվ են կազմում ՀՀ-ում)՝ ուղղորդող և արդյունքում ծախված քվեարկություն:
Ահա այս հիմնական խախտումների պատճառով է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Ուղղակի անհասկանալի է՝ ինչպես կարող է մարդը վաճառվել 5000 դրամի դիմաց (5000 դրամը 5 տարում, որը 60 ամիս է, կազմում է ամեն ամսվա համար ընդամենը 83 դրամ): Այսինքն՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասն ամսական 83 դրամի համար վաճառում են իրենց քվեն, իրենց ընտրությունը, իրավունքն ու ապագան: Մի՞թե այսքան սոսկալի է մարդկանց ենթագիտակցությունը, մի՞թե կարելի է թքած ունենալ ամեն ինչի վրա և ընտել 5000 կամ 10000 դրամը: Ա՜խր դա կբավարարի առնվազն 7 օր, իսկ հետո... Հետո՞ ինչ եք անելու, ինչո՞ւ եք այդքան անտարբեր սեփական եսի հանդեպ: Եթե ձեզ թվում է, թե հոկտեմբերի 2-ի խայտառակությունը, որը եղավ Գյումրիում և Վանաձորում, անհետևանք է մնալու Հայաստանի և հայ ժողովրդի համար, ապա սխալվում եք: Եթե աղքատության և պարտքերի մեջ խրված, սեփական ընտանիքը բաժան-բաժան եղած, ծայրահեղ վիճակում գտնվող և ստիպված արտագաղթող վանաձորցին և գյումրեցին քվեարկում են ՀՀԿ-ի օգտին, ապա ո՞վ է մեղավոր, ումի՞ց եք սպասում օգնության ձեռք, փոփոխություններ, եթե դուք չեք ցանկանում դա: Ամեն ինչ սկսվում է ձեզանից: Հիմա ժողովու՞րդն է արժանի իշխանությանը, թե՞ իշխանությունը՝ ժողովրդին: Ուղղակի ամոթ է:
Այսպես շարունակել չի կարելի, ինքներդ ձեզ ձեր ձեռքով եք սպանում, ուշքի՛ եկեք, շա՛տ ուշ է լինելու, իսկ սերունդները ձեզ են մեղադրելու, ոչ թե ձեզ կաշառողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել