ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ Գյումրիի ընտրատեղամասերից մեկում քաղաքացին քվեարկել է ռուսական անձնագրով:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք:
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք (այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները, փախստականները, քաղաքացիություն չունեցող անձինք):
Մասնավորապես, նշված օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած, ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 հունիսի 17-ի թիվ 21-Ն որոշմամբ սահմանվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները: Նույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ ժամանակավոր կամ մշտական կացության քարտի կամ ՀՀ հատուկ անձնագրի բացակայության դեպքում ՌԴ քաղաքացիների համար ընտրությանը մասնակցելու անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը` տվյալ համայնքի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով:
Հետևաբար, եթե ընտրողը հանդիսանում է ՌԴ քաղաքացի և չունի ՀՀ քաղաքացիություն, բնակչության պետական ռեգիստրում ունի առնվազն մեկ տարվա հաշվառում, ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագրով կարող է մասնակցել ընտրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել