Exclusive
Ձախ Հարութին հանդիպեցինք Երևանի կենտրոնում։ Ամեն քայլափոխի հանդիպում էին մարդիկ, ովքեր ուզում էին նկարվել նրա հետ, երգիչն էլ իրեն բնորոշ ջերմությամբ համաձայնում էր։ Մարդկանց սերը նրան շատ է ոգևորում, ինքն էլ ձգտում է փոխադարձել։ Սրճարան մտնելիս առաջինն է մատուցողին բարևում, որքան էլ շտապի, անցորդներին չի մերժում նկարվել։
Մեր զրույցն էլ բավականին ջերմ ու անկեղծ ստացվեց՝ հուզմունքով, ուրախությամբ, տխրությամբ։ Երգիչն անկեղծորեն ասաց, որ մտածում է կյանքը երկրորդ անգամ ինչ-որ մեկի հետ կապելու մասին, սակայն չի ցանկանում՝ դա ինքնախաբեություն դառնա։ BlogNews-ը կրկին ներկայացնում է Ձախ Հարութին՝ տարիներ անց... Մեր ընթերցողներին առաջարկում ենք բացահայտել՝ ինչպես են տարիներն անդրադառնում զգացմունքային երգչի վրա։
- Պարոն Փամբուկչյան, փաստորեն, շատ եք սիրում քայլել Երևանում։ Հետաքրքիր է, ԱՄՆ-ում է՞լ եք հաճախ քայլում։
- Երևանն իմ քաղաքն է, մինչև գնալս էլ էի սիրում շատ քայլել։ Ուշ երեկոյան համերգները վերջանում էին, օրինակ, Մոնումենտից քայլելով հասնում էի Արեշ, գիշերը ժամը 4-ին նոր տանն էի լինում։ Ուղղակի այն ժամանակ կարողանում էի հանգիստ քայլել, հիմա չի ստացվում․ եթե կես ժամ երգում եմ, 4 ժամ նկարվում եմ :) Մարդիկ ճանաչում են, մոտենում։ Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ ինձ մոտենում են դեռահասներ, երիտասարդներ, այն տարիքի երեխաներ, ովքեր ծնված էլ չեն եղել, երբ ես ձայնագրել եմ իմ երգերը։ Դա նշանակում է, որ ընտանիքում լսել են իմ երգերը։ Եթե իմ երգերը 3-4 սերունդ է լսում, ուրեմն՝ իմ արած գործը պարապ չի անցել։
ԱՄՆ-ն էս տեսակ չէ։ Քայլելու տեղեր, այգիներ շատ կան, սակայն այստեղ ուրիշ է։
- Երևանի Ձեր տունը վաճառել եք ԱՄՆ մեկնելուց առաջ։ Երբ գալիս եք այստեղ, որտե՞ղ եք ապրում, այստեղ տուն ունենալու ցանկություն չունե՞ք։
- Ամբողջ Երևանն է իմ տունը։ Ինձ շատ են ասել՝ պետք է այստեղ տուն ունենաս, նույնիսկ ցանկացել են նվիրել, բայց ես 6-7 տուն ունեմ ԱՄՆ-ում։ Երբ գալիս եմ Երևան, ընկերներս իրենց տան բանալիներն ինձ են տալիս։ Միգուցե մի օր ցանկանամ տուն գնել այստեղ, բայց հիմա նման մտադրություն չունեմ։ Ես իմ ուզած ժամանակ կարող եմ գալ Երևան, սա իմ տունն է։ Մի անգամ նույնիսկ հյուրանոցում մի շաբաթ մնացի, ինձանից մի դրամ չվերցրին։
- Էստեղ ժամանակը հիմնականում Ձեր ընկերների հետ եք անցկացնում, իսկ ԱՄՆ-ո՞ւմ։
- Էստեղ իմ երկու ընկերներն են մնացել, որ ինձ իմ մանկության հետ են կապում՝ Արտավազդ Եղոյանն ու Աշոտ Թադևոսյանը։ Հիմա մյուս բոլոր ընկերներս ԱՄՆ-ում են, այնպես որ այնտեղ ավելի շատ ենք։
- Իսկ Ռուբեն Հախվերդյա՞նը, հասցրե՞լ եք հանդիպել։ Իր հետ պահպանո՞ւմ եք նախկին մտերմությունը, թե՞ տարածությունն իր սև գործն անում է։
- Արդեն հանդիպել ենք։ Երբ ինքը գալիս է ԱՄՆ, ինձ մոտ է մնում, երբ ես գալիս եմ, էլի տեսնվում ենք։ Ինքը զբաղված է, երեկ մեկնեց համերգների, սակայն երբեք առիթը չենք կորցնում հանդիպելու։
- Տարիներ առաջ, երբ գալիս էիք Երևան, ԱՄՆ-ում Ձեզ սպասող ամենակարևոր մարդկանցից մեկը Ձեր կինն էր՝ Ռուզանը։ Բոլորը գիտեն՝ որքան դժվար էր Ձեզ համար նրա կորուստը։ Ձեզ համար հիմա որքանո՞վ է դժվար վերադառնալ ԱՄՆ և իմանալ, որ նա Ձեզ չի դիմավորելու։
- Պիտի հարցնեիր՝ երբ տանից դուրս ես գալիս, որքանո՞վ է դժվար նորից տուն գնալը։ Ես մի տղա ունեմ, Ռուզանս կար, և 2 շուն ունեի։ Տղաս ջահել է, միշտ դրսերն է լինում։ Ինձ դիմավորում էր կինս՝ Ռուզանը, և 2 շներս, որոնք ևս իմ ընտանիքի անդամներն էին (հուզվում է, հեղ.)։ Երբ Ռուզանի մոտ քաղցկեղ սկսվեց, շներն անկողնուց այն կողմ չէին գնում։ 3 ամիս տևեց, աչքիս առաջ փոքրացավ, ձեռքիցս գնաց... Մի շունս Ռուզանի մահից 2 ամիս անց մահացավ, մյուսը 3 տարի դիմացավ։ Պատկերացրու՝ 3 տարվա մեջ ընտանքիցդ միանգամից 3 հոգի պակասի (կրկին հուզվում է, հեղ.)։
Ինձ համար հիմա դժվար է տուն վերադառնալը, որովհետև Ռուզանն իմ ընկերն էր, իմ կինը, իմ սիրուհին, իմ քույրը, եղբայրը, առաջին ծափահարողն ու առաջին ասողը՝ ինչ անճաշակ երգ ես երգում, կամ հակառակը՝ ինչ լավ երգ է։
Անկեղծ կասեմ՝ ես որպես ամուսին մի քիչ լավ չեմ դրսևորել ինձ, Ռուզանն ինձ ասում էր՝ դու՝ որպես ամուսին, հաջողություն չես ունեցել, բայց աշխարհի ամենալավ տղան ես և ամենալավ հայրը իմ որդու համար։ Գիտես՝ ամուսնական կյանքը հալած յուղի պես չի գնում. մենք իրար «սպանել» ենք, սիրել ենք, իրար խեղդելով, նեղացնելով, սիրելով բուռն կյանք ենք ապրել, ու հանկարծ այդ ամենը միանգամից ցնդում է... Պատկերացրու՝ նայես ու գույնը չզգաս։ Ես ամեն ինչ սև-սպիտակ էի տեսնում, երկնքի կապույտը չէի տեսնում։
- Թվում էր՝ այս 3 տարիների ընթացքում պետք է գոնե մի քիչ հաղթահարած լինեք ցավը, բայց հիմա հուզվում եք նույնքան, որքան նրա մահվան առաջին տարում։
- Ասում են՝ ժամանակը կշտկի, բայց չեմ կարծում։ Ժամանակը ոչինչ չի շտկում, հիշողությունները չեն թողնում... Բայց ես ուզում եմ շտկել։ Դա առաջին հերթին ինձ է պետք։ էսպես չի կարելի ապրել։ Շատերը 2-3 շաբաթ հետո զույգ են գտնում, ամուսնանում են։ Ինձ ասում են՝ պետք է առաջ նայես, մի կին գտնես, բայց ես ինքս ինձ հո չեմ խաբելու։
Ես մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործ եմ, նկարում եմ, քանդակներ եմ անում։ Երաժշտությունից կտրված չեմ, բայց մի բան կոտրվել է մեջս, մենակ եմ մնացել։ Երաժշտությունը գոնե ցրում է ուղեղս, բայց տանս մեջ ամեն տեղ ինքն է։ Ռուզանը մահացավ Լոս Անջելեսի իմ տան մեջ։ Այդ հիշողությունները շատ են, տան մեջ բաներ կան, որ պետք է թափեմ, չեմ կարողանում, որովհետև ինքը ձեռք է տվել...
Քաղաքից դուրս տուն ունեմ, որտեղ դաշնամուր կա, գնում եմ այնտեղ, երգերս եմ մշակում։
- Վիշտը մարդկանց ավելի է մտերմացնում։ Հարաբերութունները Ձեր որդու հետ փոխվե՞լ են։
- Տղաս առանձին տուն ունի, բայց եկավ ինձ հետ ապրելու, որ ինձ մենակ չթողնի։ Ինքն է ինձ տիրություն անում։ Առավոտյան գնում ենք զբոսնելու, երեկոյան՝ ճաշելու։
Տղաս իմ կյանքն է։ Նա բնավորությամբ ավելի ուժեղ է, քան ես։ Ես ավելի զգացմունքային եմ։ Նա միշտ կողքիս է, ասում է՝ պապ, պիտի առաջ նայես, չես կարող շարունակել հետ նայելով։ Փորձում է մենակ չթողնել ինձ։
- Այդուհանդերձ, մենակության զգացողությունը հաճա՞խ է խեղդում։
- Ես ընկերներ, ընկերուհիներ ունեմ, գալիս են ինձ մոտ, բայց ինձ մոտ մի փուլ է, որ ուզում եմ ո՛չ ինքս ինձ խաբել, ո՛չ էլ դիմացինիս։ Երևի ճակատագիր է... Եթե ինչ-որ մեկն ինձ պատահի, հասկանամ, որ կարող է ինձ ընկեր լինել, որքան որ Աստված ինձ ժամանակ է տվել, կկանչեմ, միասին կապրենք։
- Ձեր որդին 38 տարեկան է, բայց ամուսնացած չէ։ Հավանաբար, շատ եք ուզում թոռնիկներ ունենալ։ Հայրաբար հաճա՞խ եք խոսում այդ մասին։
- Միշտ իրեն ասում եմ՝ ես միայն այն ժամանակ կհանգստանամ, երբ ամուսնանաս։ Բոլոր տղամարդիկ տղա թոռնիկ են ուզում ունենալ, ես՝ ճիշտ հակառակը։ Ուզում եմ աղջիկ ունենա, անունը Ռուզան դնեմ, այդ ժամանակ ես կշտկվեմ, կզգամ, որ էլի Ռուզան ծնվեց ու երջանիկ կլինեմ։ Դա ինձ համար երազանք է։ Տղաս ասում է՝ ես մամայի նման մի աղջկա որտեղի՞ց պետք է կարողանամ գտնել, ասում եմ՝ տղաս, ես ու մաման հո միանգամից էդպիսին չենք դարձել, պիտի մարդուն շանս տաս, ապրես իր հետ, տխրես, ուրախանաս, լացես... Էդ ամեն ինչը պիտի ապրես, որ դառնա մամայի նման մեկը։ Ասում եմ՝ գիտե՞ս՝ Հայաստանում ինչ սիրուն աղջիկներ կան, արի գնանք, ում դուռը ծեծեմ, ինձ չեն մերժի, ասում է՝ գիտեմ, բայց էդ գործն ինձ թող։
- Փաստորեն, ուզում եք Հայաստանից հարս տանել։
- Ինչու ոչ։ Ես Հայաստանից եմ, Ռուզանս Հայաստանից էր։ Միայն տղաս է ԱՄՆ-ում ծնվել, բայց որ հետը խոսես, կիմանաս՝ երեկ է գնացել Հայաստանից։ Տասը տարեկան էր, գնաց դպրոց, անգլերեն չգիտեր, որովհետև տանը միայն հայերեն էինք խոսում։
- Պարոն Փամբուկչյան, առաջիկայում նոր երգեր, զուգերգեր սպասվո՞ւմ են։
- Հիմա կարծես մոդա է դարձել, բոլորը սկսել են հետաքրքրվել իմ երգերով, ուզում են ձայնագրություններ անել ինձ հետ։ Եթե դիմողը տաղանդավոր է, չեմ մերժում։ Վերջին հաշվով, երիտասարդներն են սկսում լսել երգերդ։ Դա օգտակար է թե՛ երգողին, թե՛ երգին։ «Տարիներն անցան» երգը ես ձայնագրել եմ 35 տարի առաջ։ Սիրուշոյի հետ ձայնագրելուց հետո նոր որակ ստացավ, կարծում եմ՝ մի 30 տարի էլ կապրի։ Արմենչիկի հետ էլ երգեցինք «Անցիր, այ գետակ»-ը, որը ևս նոր կյանք ստացավ։ Սակայն համագործակցությունը բարդ է ստացվում, քանի որ ես ապրում եմ ԱՄՆ-ում։ Հեռավորությունը երբեմն խանգարում է։ Ունեմ նաև անհատական նոր երգեր, որոնք ձայնագրման փուլում են, առաջիկայում լույս կտեսնեն։
- Ձեր նոր երգերի համար ի՞նչ հեղինակների հետ եք համագործակցում, երիտասարդների հետ աշխատո՞ւմ եք։
- Հիմա Կարեն Մամիկոնյանի, Ռուբեն Հախվերդյանի հետ եմ աշխատում։ Երիտասարդ հեղինակներն իրենք իրենց համար են գրում։ Բովանդակության առումով ինձ չեն հետաքրքրում իրենց երգերը։ Անկեղծանամ քեզ հետ․ բոլորը կարծես գլխարկ են կարում ժողովրդի համար. անում են այն, ինչ սիրում է ժողովուրդը, ոչ թե այն, ինչ իրենք են սիրում, ժողովրդին չեն բարձրացնում արվեստի աստիճանի: Երգիչներն ասում են՝ նենց երգ սարքենք, որ ժողովուրդը սիրի, ու տուրք են տալիս կրկնվող բառերին՝ «ես-ես-ես, դու-դու-դու, մի-մի-մի»։ Դրա համար ինձ չեն հետաքրքրում այդ ստեղծագործողները։ Չեմ ասում՝ բոլորն են խոտան, լավ երգեր էլ կան, բայց մեծամասնությունը դա է։
- Ձեր երգերը ևս միշտ ժողովրդականություն էին վայելել։ Ձեր դեպքում ո՞րն էր գաղտնիքը։
- Ես երգում էի այն, ինչ ինձ դուր էր գալիս, իմ սրտից էր բխում։ Ժողովուրդը դա զգում է։ Հիմա կան լավ երգեր, բայց մեծ մասը նույն երգերն են՝ մի գծի վրա, մի երգչի երգն անուն է հանում, բոլորը սկսում են դրա նման երգել՝ լինի ազգագրական, թե էստրադային։
- Հայաստանում Դուք միշտ սպասված եք, սակայն դեռ նախորդ տարի մեր զրույցում նշեցիք, որ էստեղ մենահամերգի հրավեր չունեք։ Ձեր մեջ վերլուծե՞լ եք՝ որն է պատճառը։
- Ես դահլիճ լցնելու խնդիր չեմ ունենա, սակայն զգում եմ, որ էստեղ ժողովուրդն էլ համերգ չի գնում։ Ժողովրդի մեծամասնությունը տնտեսապես ծանր վիճակում է։ Բոլոր երգիչները համերգ տալու համար գալիս են Լոս Անջելես։ Ես 40 տարի է՝ այնտեղ եմ ապրում, ինձ նույնիսկ համերգի հերթ չի հասնում։
Առաջ շատ էի ունենում հրավերներ այստեղից, հիմա՝ ոչ, բայց չեմ կարծում, որ վախենում են դահլիճի չլցվելուց։ Ես փողոցով քայլում եմ, ամբողջ քաղաքի ուշադրությունն իմ կողմն է լինում։
- Շատ երգիչներ չեն սպասում հրավերի, իրենք են նախաձեռնում մենահամերգ։ Ինչո՞ւ ինքներդ չեք անում։
- Դրա համար ես պետք է գամ էստեղ։ Ինչ-որ մեկը պետք է զբաղվի կազմակերպչական հարցերով։ Ես այդ ժամանակը չունեմ, որ գամ, 3 ամիս այստեղ մնամ։ Մեկուկես տարի է՝ ԱՄՆ-ում ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի զբաղված եմ՝ չհաշված մյուս համերգները։ Հայաստանում մնալու և համերգի կազմակերպմամբ զբաղվելու ընթացքում ես կարող եմ 5 անգամ ավելի գումար վաստակել այնտեղ։ Այժմ բանակցություններ են գնում։ Եթե համաձայնությունը լինի, նոյեմբերին երիտասարության օրվա կապակցությամբ համերգ կունենամ այստեղ։
- ԱՄՆ-ում ավելի շատ գումար վաստակելու հնարավորությո՞ւնն է Ձեզ հիմա պահում այնտեղ։
- Ես ապահովված եմ գումարով, խնդիր չունեմ, սակայն երգում եմ, որովհետև պահանջը կա։ Երգելը դարձել է իմ կյանքը, ինչպես առավոտյան սուրճ խմելը։ Հիմա արդեն եկող տարվա համար օրացույցս լցված է, սակայն ես սիրում եմ էստեղ երգել։ Հայաստանում ամեն երգս անգիր գիտեն, բայց զգում եմ, որ գործնական շրջանակներում բոլորը միայն խոսում են։ Ես ասում եմ՝ սա է իմ վճարման արժեքը, ես 65 տարեկան եմ, երևի 10 տարի էլ երգեմ կամ ոչ։ Եթե ուզում են, որ ես երգեմ, ուրեմն՝ պետք է վճարեն։ Եթե պիտի ինձ կանչեն, ասեն՝ 2000-3000 դոլարով երգիր, ժողովրդի համար է, ես կնախընտրեմ անվճար ելույթ ունենալ։ Դա նաև արժանապատվության հարց է։ Հիմա համերգ են ուզում կազմակերպել Ղարաբաղում։ Ես երգել եմ ամեն տեղ՝ բացի Ղարաբաղից, անպայման երգելու եմ Ղարաբաղի ժողովրդի համար։ Այնտեղ ես անվճար եմ երգելու։
- 40 տարի առաջ, երբ մեկնում էիք ԱՄՆ, ակնկալո՞ւմ էիք, որ տարիներ անց ամբողջ աշխարհն եք ոտքի տակ տալու, թե՞ ապագան այն ժամանակ մշուշոտ էր Ձեզ համար։
- Մինչ գնալս ես գիտեի՝ ինչ պետք է անեմ։ Երբ նպատակ ունես, ավելի հեշտ է։ Ես Միացյալ Նահանգներում դժվարություն չեմ ունեցել, որովհետև Լոս Անջելես մտնելուս երկրորդ շաբաթվանից սկսել եմ աշխատել, երկու ամիս անց մեքենա գնեցի, ձայնագրեցի իմ առաջին ձայնապնակը՝ «Ուր էիր, Աստված»։ 1-2 ամսում սկսեցի տիրապետել նաև անգլերենին։ Այս ընթացքում 30 ձայնապնակ եմ ձայնագրել։ Ամենաշատ ձայնագրվող երգիչն եմ եղել։
Եթե ես մնայի էստեղ, այդ հաջողությունը չէի ունենա։ Ես Երևանում էլ էի երգում, ռեստորաններում էի երգում, սակայն մի անգամ ռեստորանային կռիվ տեսա ու հիասթափվեցի։ Այստեղ 16-17 տարեկանից հարսանիքների ժամանակ երգել եմ, դրամական նեղություն երբևէ չեմ ունեցել։ Այն ժամանակ բժշկի աշխատավարձը 120 ռուբլի էր, մենք հարսանիք էինք նվագում, ամեն մեկս 500-600 ռուբլի էինք տուն տանում։ Դա շատ մեծ գումար էր, սակայն խորհրդային ժամանակներ էին, չէիր կարողանում անել այն, ինչ ուզում ես, ասում էին՝ սա պետք է երգես, նա երգես։ Իշխանութունների հետ խնդիրներ էիր ունենում։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի