Картинки по запросу Իսկանդեր ԵրևանումՀայաստանի անկախության 25 ամյակին նվիրված զորահանդեսից հետո կարելի է անել որոշ հետևություններ։ Այսօր հանրային քննարկման առարկա է դարձել Հայաստանին «Իսկանդեր» տեսակի զինատեսակի մատակարարումն ու զորահանդեսին այդ զինատեսակի ցուցադրումը։ Քաղաքական որոշ գնահատականներով՝ այս տեսակի զինատեսակ Հայաստանը իր զինանոցում ուներ դեռևս ապրիլյան դեպքերից առաջ։ Որոշ  ավելի կտրուկ գնահատականներ գալիս են արձանագրելու, որ սա այն գինն է, որը Ադրբեջանը հատուցում է ապրիլյան դեպքերը սանձազերծելու համար։ Այս երկու տեսակետներից կարող ենք արձանագրել որ, ամեն դեպքում Ռուսաստանի՝ Հայաստանին՝ որպես ռազմավարական դաշնակցի, զենքի մատակարարումը դեռևս հանրության շրջանում միանշանակ չի ընդունվել։
 
Հասկանալի է, որ եթե նույնիսկ զինատեսակի այդ տեսակը Հայաստանի Պն-ում առկա էր դեռ վաղուց, ապա այն չէր օտագործվելու քառօրյայի ընթացքում։ Պիտի հստակ հասկանալ ու արձանագրել, որ եթե Հայաստանը նման զենք օգտագործեր ասենք Բաքվի ջրամբարները կամ նավթամուղերը խոցելու համար, ապա Ադրբեջանը ձեռքերը ծալած չէր նստելու և հարվածելու էր Երևանին Նախիջևանից։ Այս սցենարը ի սկզբանե կարելի է բացառել, որովհետը ստրատեգիական կենտրոնների վրա հարձակում չի եղել նույնիսկ Արցախյան առաջին գոյամարտի տարիներին։ Եվ ուրեմն՝ սա անհրաժեշտ է Հայաստանին, որպեսզի արդեն քաղաքական հարթությունում այս երևույթը օգտագործի որպես լուրջ միջոց Ադրբեջանի հռետորաբանության դեմ հանդես գալու համար, այլ կերպ ասած՝ զսպելու նրա հայատյաց ու ռազմատենչ ախորժակը։
 
Մյուս կողմից, ինչպես նշեցինք, ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց այնպես չէր կարող ռազմական գործողություններ սկսել ապրիլ ամսին, և ինչ-որ ուժային լուրջ կենտրոնի աջակցություն ամեն դեպքում պետք է որ ստացած լիներ։ Եթե դա Ռուսաստանն էր, ապա, Հայաստանին «Իսկանդեր» վաճառելով, պաշտոնական Մոսկվան վերականգնում է ռազմական բալանսը տարածաշրջանում։ Եթե դա Թուրքիան է, ապա, ըստ էության, դա կարելի է կապել այդ ամիսներին ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ, որտեղ Թուրքիան փորձեց Ադրբեջանի միջոցով պարզապես ստիպել Ռուսաստանին կարգավորելու հարաբերություններն իր հետ։ Երկու դեպքում էլ, ինչպես տեսնում ենք, Հայաստանն ու Ադրբեջանն ընդամենը գործիք են գերտերությունների ձեռքում խոշոր խաղեր խաղալու համար։ Ամեն դեպքում, Ադրբեջանում հսկայական հիստերիա է առաջացել Երևանի հրապարակում անցկացված զորահանդեսից, և պաշտոնական Բաքուն ստիպված է լինելու վերանայել իր ռազմատենչ հռետորաբանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել