Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն այսօր  ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին և նրան ուղեկցող անձանց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվական ծառայությունից: 

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի հետևողական քաղաքական գործունեությունը, ինչպես նաև վերջին շրջանում ակտիվ աշխատանքները՝ մշակույթի և հումանիտար ոլորտներում:

Իր հերթին Ֆրանսուա Ռոշբլուանը նույնպես ընդգծել է մշակութային կապերի, Արցախում ֆրանսերեն լեզվի և ֆրանսախոսության զարգացման կարեւորությունը, որը լուրջ խթան է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ: «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահը հետաքրքրվել է սահմանին տիրող իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացով:

Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների մասնակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ոլորտների եւ բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել