Exclusive
Դերասանուհի Արևիկ Գևորգյանը սեպտեմբերի 23-ին նշանվել է։ Նրա ընտրյալը շոու բիզնեսից չէ, այդ իսկ պատճառով դերասանուհին չի ցանկանում մանրամասնել, թե ինչով է նա զբաղվում։ Արևիկը նշանադրության և կյանքի լուսավոր փուլի մասին բացառիկ հարցազրույցը վստահել է BlogNews-ին։
- Արևիկ, որքա՞ն ժամանակ է, ինչ ընկերություն եք անում։
- Ուղիղ 1 տարի է, ինչ ընկերություն ենք անում։ Նա ինձ անակնկալ առաջարկություն արեց, որոշեցինք նշանվել։ Նշանդրեքը հենց մեր առաջին հանդիպման օրն էինք նշանակել։
- Կազմակերպչական հարցերով ո՞վ է զբաղվել։
- Ես ուզում էի ոչ ստանդարտ նշանդրեք անել, առանց հայկական ավանդական սովորությունների։ Նշանդրեքը սրճարանում կազմակերպեցինք՝ միայն ամենահարազատ, մտերիմ մարդկանց ներկայությամբ։
Ամեն ինչով միասին ենք զբաղվել։ Միտք կար, որ քաղցրավենիքները պետք է լինեն կոճղերի վրա։ Նա էլ զբաղվեց կոճղերով, ներկեց դրանք։ Փոքր արկղիկ կար մեզ ցանկություններ գրելու համար։ Ամեն բան մանրակրկիտ ընտրված էր այդ օրվա համար։ Ոչինչ չենք անտեսել, ամեն բան միասին ենք արել։ Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ուզում էինք։ Իհարկե, սկզբում մի քիչ լարված էինք, բայց հետո արդեն ամեն ինչ շատ լավ էր։
- Ամուսնության մասին արդեն մտածո՞ւմ եք։
- Այդ մասին չենք խոսել։ Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել ամուսնության մասին։
- Արևիկ, Ֆեյսբուքում քո հրապարակումներից մեծ ներդաշնակություն ու երջանկություն է գալիս։ Նա՞ է այդպես փոխել կյանքդ։
- Հա, նա լուսավոր շրջան բերեց իմ կյանք, որը շարունավում է։ Բառեր էլ չկան, որ նկարագրեմ։ Ընկերներիս, հարազատներիս մոտ ես միշտ խոսել եմ մեծագույն սիրո մասին։ Հիմա ով ինձ տեսնում է, հարցնում է՝ Արև, գտա՞ր քո մեծագույն սիրուն։ Հիմա ինձ մոտ այդ մեծագույն սիրո զգացողությունն է։ Սեր, որը ոչինչ չի պահանջում։ Շատ-շատ-շատ լուսավոր շրջան է մոտս։
- Ըստ քեզ՝ որո՞նք են այդ մեծագույն սիրո նախադրյալները։
- Սերը ոչ մի կանոն, օրենք չունի։ Չկան նախադրյալներ, ամեն մարդ իր սրտով է գնում իր սիրուն։
- Նրա ազդեցությամբ շա՞տ ես փոխվել։
- Ինձ թվում է՝ երբ մարդիկ ծանոթանում են ու սկսում սիրել իրար, իրար նմանվելու ցանկություն է առաջանում, որպեսզի նույնանաս սիրելիիդ հետ։ Մենք երևի ավելի շատ նույնացել ենք։ Անգամ, երբ նկարներն ենք նայում, սկզբում իրար նման չէինք, հիմա նույնիսկ արտաքին նմանություն ենք տեսնում, էլ չեմ խոսում ներքինի մասին։
- Իսկ քո գործունեությանն ինչպե՞ս է վերաբերում։
- Իմ գործունեությունը ես եմ սկսել փոքր-ինչ փակագծերի մեջ մոտենալ։ Աշխատում եմ միայն էնպիսի նախագծերում, որոնց մեջ ճիշտ չեմ համարում իմ ներկայությունը։ Այս առումով խնդիրներ չենք ունենում։
Ընտրության հարց չի եղել: Ես երևի թույլ չէի տա, որ հասներ դրան։ Հասկանում եմ, որ անհնար է անընդհատ նկարահանվել և անձնական կյանքում լավ հարաբերություններ ունենալ։
- Հետաքրքրվա՞ծ է քո ոլորտով։
- Իմ մասնագիտական ոլորտում խորը չենք շփվել, սակայն ես սիրով իր հետ գնում եմ ներկայացում նայելու։ Հետո քննարկում ու մեկնաբանում ենք այն. իր տեսանկյունն ու մեկնաբանությունները շատ ճիշտ են լինում, ինձ հաճելի է լսել իրեն։ Մենք միասին ֆիլմեր ենք դիտում, գիրք կարդում։ Առհասարակ, մենք ամեն բան միասին ենք անում։
- Կարելի՞ է ենթադրել, որ շատ հարցերում նախընտրում ես զիջման գնալ, որպեսզի կոնֆլիկտ չլինի։
- Զիջման երկուսս էլ գնում ենք։ Փորձում ենք փոխզիջումների գնալ, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն, սակայն կոնֆլիկտներ էլ են լինում։ Մեր հարաբերությունները յուրաքանչյուր եղանակ ունեն։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի