ՍիվիլՆեթի լրագրողը հայտնում է, որ Արտաշատի 17/5 ըտնրատարածքում մոտ 30 երիտասարդ մտել են ընտրատարածք, խանգարել են դիտորդների գործը և լցոնում արել: Հանձնաժողովի նախագահն ու ոստիկանությունը պնդում են, որ չեն նկատել:

***

ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ: Արարատի մարզի 17/2 ընտրատեղամասում արձանագրվել է կնքված քվեաթերթիկների տրցակ առանձին սենյակում: Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդ Նարեկ Բաբայանը Մեդիա Կենտրոնին հայտնում է, որ ընտրատեղամասի սենյակներից մեկի դուռը պատահաբար բաց էր, և ինքը նկատել է քվեաթերթիկների խուրց.

«Փորձեցի տեսանկարել, սակայն միանգամից սկսեցին խանգարել, ինձ հեռացնել այդ տարածքից, դուռը շտապ փակեցին, իսկ հետո նկատեցի, որ պատուհանից դուրս հանեցին ողջ կապոցը և տարան»,- Մեդիա Կենտրոնին ասում է Նարեկ Բաբայանը:

Արարատի Մարզի 17/5 ընտրատեղամասից, ժամը 14:30-ի սահմաններում, ահազանգ է գրանցվել լցոնման վերաբերյալ, ընտրատեղամասում աշխատող Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդ Նարինե Էսմայելը Մեդիա Կենտրոնին հայտնում է, որ խախտումը չեն արձանագրել հանձնաժողովի անդամները.

«Ընտրատեղամաս մտան մի 50 գազաններ, դիտորդներին հրեցին դեպի պատը ու բոլորիս ձեռքերը բռնեցին, որ չնկարենք, մոտեցան քվեատուփին ու լցրեցին մոտ մի 300-400 քվեաթերթիկ, այսինքն՝ քվեատուփը կիսով չափ լցվեց»,- Մեդիա Կենտրոնին ասում է Նարինե Էսմայելը:

Ըստ դիտորդի՝ այս ընտրախախտումը, որը քրեական պատասխանատվության է ենթարկվում, չի արձանագրվել հանձնաժողովի անդամների կողմից.

«Երբ այդ մարդիկ փախան, հանձնաժողովի անդամներից պահանջեցինք արձանագրել, սակայն նրանք մեզ ասացին՝ ի՞նչ է եղել, մենք չենք նկատել, ուղղակի աննկարագրելի ծաղրանք էր»,- ասում է Էսմայելը:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել