«Եվրոֆուտբոլ»  ընկերությունն այսօր անակնկալ էր պատրաստել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի համար:

«Մեր ընկերությունը որոշել է անցկացնել երախտագիտության միջոցառում, որի ընթացքում տղաներին կհանձնենք մեր պատրաստած նվերները: Քանի որ ամեն ինչի հիմքում նրանց հաղթանակած մեդալներն են, որոնք նրանք  միշտ չէ, որ հնարավորություն են  ունենալու կրել նրանց մեծության պատճառով,  մենք մտածեցինք, որ  նրանց հարկավոր է մի բան, որը մշտապես կլինի նրանց հետ և կլինի նրանց հաղթանակի խորհուրդը, իսկ դա կարող է լինել միայն հենց օլիմպիական մեդալի կախազարդի տարբերակը: Ուսումնասիրեցինք, լավագույն դիզայներներին գտանք, ովքեր կարող էին եռաչափ եղանակով օլիմպիական մեդալի կրկնօրինակը պատրաստել, բայց ավելի փոքր չափսի, ինչպես նաև ավելացրեցինք նրանց անուն ազգանունները, որպեսզի աշխատանքը լինի եզակի»: Վզնոցների վրա նշված են նրանց անուն-ազգանունները, և գրված է, որ նրանք հանդիսանում են Օլիմիպիական չեմպիոններ»,- BlogNews.am-ի  հետ զրույցում նշեց «Եվրոֆուտբոլ» ընկերության ՓՌ մենեջեր Հովհաննես Թովմասյանը:

Տղաներին դիմավորեցին հայկական երաժշտությամբ և յարխուշտա պարով: Նվերները հանձնելուց հետո «Եվրոֆուտբոլ» ընկերության աշխատակիցները շնորհավորեցին և լուսանկարվեցին տղաների հետ:

«Մեզ համար իսկապես անակնկալ էր, չէինք սպասում: Շատ շնորհակալ ենք «Եվրոֆուտբոլ» ընկերությանն այս նվերների համար: Իսկապես շատ հավանեցինք և ուրախությամբ կկրենք»,- նշեց  Արթուր Ալեքսանյանը

Նշենք, որ տղաների վզնոցները պատրաստված են մաքուր ոսկուց, օրիգինալ չափսից ավելի փոքր են: Գաղափարն այն է, որ վզնոցները կարող են կրել ամեն օր, ինչը նրանց կհաղորդի լրացուցիչ ուժ և հավատ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել