Image result for Կարեն ԿարապետյանԻշխանությունը մեր անկախության 25 տարիների ընթացքում այնքան խնդիրներ է թողել անտարբերության մատնված և չլուծված, այնքան անօրինականությունների սկիզբ է դրել, որ այս ամենն իր հետևանքներով վերացնելու համար մեզ առնվազն ևս 25 տարի էլ հարկավոր է կենսունակ և քիչ թե շատ կայուն ու անվտանգ երկիր կառուցելու համար։ Իսկ նորանշանակ վարչապետը, որքան էլ լինի հենց այս իշխանությունների նշանակած կադր, և որքան էլ մարդիկ արդարացիորեն կասկածամտորեն մոտենան նրա գործունեությանը, կարծես թե հավակնում է դառնալ թեկուզ փոքր բարեփոխումների ազդարարող։ Միևնույն ժամանակ նրանից չի կարելի ակնկալել արմատապես փոփոխել թե՛ պետական ապարատը և թե՛ երկիրը, քանի որ մեր երկրի խնդիրները խորը համակարգային բնույթ ունեն, որոնց լուծումը տևական է լինելու։ Իհարկե, մյուս կողմից հասկանալի է, որ ժողովուրդը շատ է լսել այս թեզը, ինչպես նախորդ երկու վարչապետներից, այնպես էլ գործադիրի ներկայիս ղեկավարից, թե «կախարդական փայտիկ չկա», և միանգամից ոչինչ լինում։ Սակայն ի տարբերություն նախորդների՝ ներկայիս վարչապետը հստակ մատնանշում է պետական ապարատի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անում է որոշակի քայլեր, որոնք միգուցե ոչ բավարար են, այնուամենայնիվ, դրանք արվում են. օրինակ՝ պետական գերուռճացված ապարատի կրճատումը լավ սկիզբ է, քանի որ պետական բյուջեից, այն է՝ մեր հաշվին աշխատավարձ ստացող, բայց ոչինչ չանող միջակ աշխատողները պակաս պատուհաս չեն։ Ողջունելի քայլ է նաև սոցիալական լարվածությունը մեղմելու ուղղությամբ հանրային մի շարք ծառայությունների սակագները նվազեցնելու որոշումը։
Կարեն Կարապետյանը կարող է վերականգնել ժողովրդի վստահությունը պետական պաշտոնյաների արժեզրկված խոստումների նկատմամբ, որոնք հնչել են բազմիցս, բայց գործ չեն դարձել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել