Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության 25 ամյակը, ինչի կապակցությամբ Երևանում մեծ զորահանդես էր կազմակերպվել։ Blognews-ը զորահանդեսին ներկա քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ տպավորություններ ունեն։

Աննա Սահակյան, 19 տարեկան

Առաջին անգամ եմ մասնակցում զորահանդեսի ու առանձնակի սրտի թրթիռով։ Ընկերս ծառայում է Զինված ուժերում և այսօր Երևանում է. եկել եմ նրան տեսնելու։ Կյանքի գնով հասա առաջին շարք:) Շատ ոգևորված եմ, կարծում եմ՝ այս զորահանդեսն ավելի ոգևորիչ է հենց զինվորների ընտանիքների համար, քանի որ տեսնում ենք, որ բանակում ոչ միայն մարտական ոգի կա, այլև հագեցած զինտեխնիկա։

Կարեն Մնացականյան, 29 տարեկան

Մինչ այս շատ էր քննարկվում՝ արժե՞ զորահանդես անել, թե՞ ոչ։ Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա, դա լավագույն պատասխանն է։ Մենք ունենք մարտունակ բանակ, լավ զինտեխնիկա, ինչը հուսադրող է պատերազմող երկրի համար։ Միայն Իսկանդերը ցույց տալու համար արժեր զորահանդես անել։

Անահիտ Ալեքսանյան, 47 տարեկան

Նման տոներին այնքան միասնական ենք, որ թվում է՝ անհաղթելի ենք։ Զորահանդեսը շատ լավ էր կազմակերպված։ Պատվո պահակախմբի ելույթով ուղղակի հիացած եմ։ Ապրիլյան պատերազմից հետո ներկայացված զինտեխնիկայից յուրաքանչյուրն այլ արժեք ունի, թեև հուսով եմ՝ այս զինտեխնիկան օգտագործելու կարիք երբեք չենք ունենա։

Սահակ Իսահակյան, 34 տարեկան

Ես 2 տղաներիս եմ բերել զորահանդեսին։ Իրենք մեր վաղվա զինվորներն են, կարծում եմ՝ առաջին հերթին իրենք պետք է տեսնեն՝ ինչ տեխնիկա ունենք, ինչ զինվորներ։ Փոքր տղաս 4 տարեկան է: Պիտի տեսնեիք՝ ինչպես էր ուրախացել, երբ տանկ տեսավ: Ասում է՝ պապա՛, իսկական տանկ է։ Անկախության իրական տերերն իրենք են։ Հուսանք՝ իրենք ավելի լավ անկախություն կկերտեն, քան մենք։

Լիանա Գալստյան, 25 տարեկան

Այնպես էի ուզում Իսկանդերը տեսնել։ Հավատս չէր գալիս, որ իսկապես ունենք։ Երբ հայտարարեցին, որ հրապարակում Իսկանդերն է, ինձ թվաց՝ հաղորդավարուհին էլ էր ինձ պես սպասում:) Շատ սիրուն էր ամեն ինչ կազմակերպված։ Հատկապես այս տարի մեզ պետք էր այսպիսի զորահանդես։ Թող թուրքը տեսնի՝ որքան հզոր ենք մենք, ու այլևս չփորձի ոտքը դնել մեր երկրի շեմին։

Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել