Սեպտեմբերի 21...

25 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման ուղի:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը: Իրականացավ հայ ժողովրդի՝ անկախություն ունենալու դարավոր երազանքը:

Եվ այսօր` 25 տարի անց, հայ ժողովուրդն աշխարհին շարունակում է ներկայանալ  անկախ պետությամբ ու ազատ Արցախով:

Տոնին ընդառաջ՝ BlogNews.am-ը շրջեց Երևանի փողոցներով և փորձեց զրուցել մեր համաքաղաքացիների հետ, հասկանալ բացարձակ անկախության մասին նրանց պատկերացումները և անկախ պետություն ունենալու նշանակությունը նրանց համար: 

Պատկերը մի փոքր մտահոգիչ էր: Բոլոր տարիքային խմբերում գտնվող մեր համաքաղաքացիներին մտահոգում էր մեր անկախության հետագա ճակատագիրը: 

«Այն  ժամանակ ավելի անկախ էինք, քան հիմա: Հիմա ի՞նչ անկախություն: Եթե մեր սահմանները միայն մեր զինվորները չեն պաշտպանում, եթե մեր գույքն ամբողջությամբ ուրիշ պետության սեփականությունն է, անկախությունը կիսատ է դառնում»:  70 տ.

  • Ինչքան էլ ասենք, որ մենք անկախ ենք, միևնույն է, մենք մասամբ ենք անկախ, ինչ-որ չափով կախված ենք այլ պետություններից: Օրինակ՝ ապրիլյան պատերազմը. մենք հաղթել են, բայց  մեզ փորձում են  այլ ելք պարտադրել, ու  չհամաձայնվել էլ չենք կարող: Իրական անկախություն կլինի այն ժամանակ, երբ միայն հայ ժողովուրդը որոշի իր ճակատագիրն ու անելիքը: 15 տ.

  • Անկախությունն ինձ համար այն է, որ իմ երեխաները, իմ ընտանիքն ու հայ ազգը ապրի անհոգ, երջանիկ, և ամենակարևորը՝ բարեկեցիկ ու պաշտպանված: Հիմա մենք բոլոր այս նշածները չունենք: Ունենք, բայց լիարժեք չէ:  34 տ.

  • Անկախությունն առաջին հերթին ենթադրում է կախում չունենալ, ունենալ ազատ կյանքի իրավունք և ազատ լինել անելու այն, ինչ ուզում ես: Օրինակ ինձ համար լիարժեք ազատություն կլինի այն, որ մեր զինվորներն իրավունք ունենան կրակելու այն ժամանակ, երբ կցանկանան ու հետևանքների մասին չմտածեն, համարձակ լինեն: 20 տ.

  • Ցավոք, 25 տարի է արդեն՝ ապրում եմ Ռուսաստանում, բայց շատ եմ սիրում իմ հայրենիքը ու իմ ժողովրդին: Անկախ լինել նշանակում է, երբ ամեն բան քո ձեռքում է, իսկ հիմա մեր բանակի ու զինվորների շնորհիվ ամեն բան մեր ձեռքում է: Մենք հիմա ավելի հզոր ենք, քան երբևէ: 75 տ.

  • Մենք հիմա լիարժեք անկախ ենք: Մենք Նժդեհի հետնորդներն ենք, մենք պայքարել ենք ու պայքարում ենք անկախության համար: Իհարկե, գլոբալ առումներով շատ բաներից կախված ենք, բայց ամենակարևորը՝ հոգով անկախ ենք, որն էլ բերելու է մեր պետականության ամրապնդմանը: Ես և իմ երիտասարդ ընկերները շարունակելու ենք պայքարել այս ամենի պահմանման համար: 29 տ.

  • Մեր անկախությունն ընդամենը 25 տարվա պատմություն ունի: Դարերով այլ տերությունների լծի տակ ենք եղել: Անազատ մարդու հոգեբանություն է ձևավորվել ու արմատացել. դա է  պատճառը, որ այսօր շատ մարդկանց մեջ դեռ կան ստրկամտության հետևանքները: Պետք է նախ մարդն ինքն իր մեջ շատ բան փոխի, ինքն իր ներսից ազատ ու անկախ լինի, հետո նոր մյուսներից պահանջի: 35 տ.

  • Շատ հարցերում անկախ ենք, բայց դա իհարկե լիարժեք չի: Խնդիրը նախևառաջ ժողովրդի մտածելակերպի մեջ է. պետք է սկզբում փոխել այդ մտածելակերպը, հետո նոր՝ կառավարությունը և երկիրը: Լիարժեք անկախ լինել կնաշանակի, որ մարդը չունենա առօրյա հոգսեր, կապկպված չլինի տարբեր երևույթներից, ազատ լինի զբաղվելու իր սիրած մասնագիտությամբ ու գործով: 29 տ.

  • Մենք անկախ լինել չենք կարող. մեր չորս կողմը, ինչպես ղարաբաղցիներն են ասում, թորքեր են: Վրացիներն էլ են այդ ցանկի մեջ, որովհետև նրանք շատ անկայուն են, մի օր քեզ հետ լավ են, հաջորդ օրը` վատ: Նրանք երբեք մեզ չեն օգնել: Որոշ մարդիկ ասում են` ռուսները մեր նկատմամբ լավ չեն, ու մենք կախված ենք նրանցից, բայց այդ նույն մարդիկ չեն հասկանում, որ եթե ռուսները մեզանից երես թեքեն, եթե մենք չունենանք փոխադարձ օգնության պայմանագիր, նույն օրը մեզ կուլ կտան: Հիմա ռուսների շնորհիվ է, որ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ադրբեջանը չեն համարձակվում մեր պետության ու սահմանների նկատմամբ ոտնձգություն կատարել: Մենք հիմա անկախ ենք, բայց այդ անկախությունն անկայուն է, ուստի պետք է միշտ լավ հարաբերությունների մեջ մնանք մեր դաշնակից պետության հետ: Պետք չի մոռանալ, որ մենք փոքր պետություն ենք: 72 տ.

  • Անկախությունը ոչ միայն մարդու, այլև ազգի համար ամենակարևոր բաներից մեկն է: Առանց անկախության գոյություն չունի պետություն: Մենք մասամբ ենք անկախ, որովհետև շատ ազատություններ սահմանափակված են, բայց դա ժամանակի հարց է: 17 տ.

  • Չեմ կարծում, որ մենք լիարժեք անկախ ենք: Մենք մասամբ ենք ինքնիշխան, որոշ չափով կախվածություն ունենք այլ պետություններից: Ոչինչ ինքներս չենք արտադրում, ամեն ինչը դրսից ենք ներկրում, դրա համար էլ անկախ չենք: Մենք պետք է ոչ միայն վերցնենք, այլև տանք, ուրիշները մեզանից պետք է կախված լինեն: 12 տ.

  • Փոքր պետությունները երբեք բացարձակ անկախություն չեն ունենում. նրանք միշտ զինվոր (пешка) են լինում գերտերությունների ձեռքում: Եթե պետությունը որոշի ամբողջությամբ անկախ լինել, դա նախևառաջ շատ մեծ ռիսկային քայլ է: Մեր տնտեսական, ֆինանսական, ռազմական անվտանգությունը կախված է այլ պետություններից: 20 տ.
  • Մենք տնտեսապես ամբողջովին կախված ենք այլ պետություններից, հետևաբար չենք կարող ամբողջովին անկախ լինել: 22տ.

Ահա այսպիսին էին մեր համաքաղաքացիների տրամադրությունները անկախության 25 ամյակին ընդառաջ:

Շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան:

Նյութը` Անի Հակոբյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել