Image result for эрдоган в оонԹուրքիայի նախագահ Ռ. էրդողանը, երկար-բարակ ելույթ ունենալով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի 71-րդ նստաշրջանում, անդրադարձել է նաև Հարավային Կովկասում գոյություն ունեցող հակամարտություններին: «Կրկին պահպանվում է այն վտանգը, որ Կովկասում գոյություն ունեցող հակամարտությունները կթևակոխեն տաք փուլ»,- Էրդողանի խոսքերն են մեջբերում թուրքական ԶԼՄ-ները: Այսինքն՝ Թուրքիայի ֆաշիստ առաջնորդը սպառնում է միջազգային կազմակերպություններին և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ կրկին կարող է սրել իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում, ինչպես դա արեց այս տարվա ապրիլի սկզբին: Քանի որ Թուրքիան իրեն բավական զուսպ է պահում աբխազական և հարավօսական հակամարտությունների պահով՝ փորձելով չզայրացնել ՌԴ-ին, ապա Էրդողանի այս սպառնալիքն ուղղված է Հայաստանին և Արցախին:
Բացահայտված փաստ է, որ այս տարվա ապրիլի սկզբին Իլհամ Ալիևի ագրեսիան Արցախի նկատմամբ իրականացվել էր հենց Անկարայի գիտությամբ և հովանավորությամբ, որն արտահայտվեց և՛ դիվանագիտական, և՛ ահաբեկիչների մատակարարման տեսքով: Արցախի դեմ հարձակումը սանձազերծելիս էլ ազերիների առաջնորդը գտնվում էր ոչ թե հարազատ մայրաքաղաքում, այլ Անկարայում: Իսկ մինչ Արցախի վրա հարձակվելը բազմաթիվ ազերի և թուրք պաշտոնյաներ և զինվորականներ փոխադարձ այցեր էին կատարում համապատասխանաբար Անկարա և Բաքու: Հիշեցնեմ, որ սեպտեմբերի սկզբին Չինաստանի Խանչժոույում կայացած G20-ի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը բացեիբաց մեղադրել էր իր թուրք գործընկերոջը Արցախի հակամարտության գոտում իրավիճակի սրման համար՝ ապակառուցողական և վտանգավոր բնութագրելով Թուրքիայի քաղաքականությունը ԼՂ-ի հարցի վերաբերյալ: Երկու շաբաթ անց Թուրքիայի նախագահը «թագավորացրեց» Պուտինի խոսքերը և այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից սպառնաց Արցախին, որ անհրաժեշտության դեպքում «սառեցված» հակամարտությունը կվերածի «տաքի»:
Հ.Գ. Էրդողանի սպառնալիքները պատահական չեն, որ արվեցին սեպտեմբերի 20-ին: Վաղը մենք նշում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 25 ամյակը: «Իսկանդեր», «Տոպոլ-Մ» և այլ զինտեխնիկաները, որ հայտնվելու են Երևանի Հանրապետության հրապարակում ամսի 21-ի ռազմական շքերթին, շատ են անհանգստացրել Բաքվին և Անկարային: Բաքվից հնչող սպառնալիքներին գումարվեց նաև Էրդողանի սպառնալիքը:
Ապրիլյան կարճատև պատերազմի դասերը հաշվի առնելով՝ մենք պետք է զգոն լինենք և պատրաստ ամեն տեսակ սադրանքների:
Ի դեպ, շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել