Картинки по запросу անկախության 25Քառորդ դար առաջ ՀԽՍՀ քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:

Հայաստանում արդեն 25 տարի սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային է։ Այդ օրը Հայաստանի անկախության տոնն է: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե: Ընտրելու իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու՝ հայ ժողովրդի երազանքին:

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Դա է պատճառը, որ Հայաստանն ունի անկախության երկու տոն. սեպտեմբերի 21 և մայիսի 28, վերջինն անվանվում է Հանրապետության օր: Սակայն միանգամայն տարբեր էին ժամանակներն ու հանգամանքները, երբ հռչակվեցին Հայաստանի Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

1918թ. մայիսը, թվում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյության վերջին օրերն էին: Արևելահայերն ու ցեղասպանությունից փրկված արևմտահայերի մի հատված միայնակ էին մնացել օսմանյան մի քանի զորամասերի առաջ, որոնք, անցնելով Ախուրյանն ու Արաքսը, հարձակվում էին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ուղղությամբ: Ոտքի էին ելել նաև Երևանի նահանգի մահմեդականները` թուրքերը, թաթարները, քրդերը, և 1918թ. մայիսի կեսերից հետո Արարատյան դաշտը բոլոր կողմերից շրջապատվել էր թշնամիներով:

Բոլորովին այլ էր իրադրությունը 1991թ.: Ի տարբերություն 1918-ի՝ այս անգամ հիմնական սպառնալիքը գալիս էր ոչ թե արևմուտքից՝ Թուրքիայից, այլ արևելքից և հյուսիսից, այսինքն՝ Ադրբեջանից և հոգեվարք ապրող Խորհրդային Միությունից:

1991թ. վաղ գարնանը Միխայիլ Գորբաչովը վերջին փորձն էր անում՝ փրկելու կայսրության անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ արտահայտվեց խորհրդային երկրի ապագա գոյությանը: Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ բոյկոտեց հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի ԳԽ-ն մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և որոշում ընդունել վեց ամիս հետո անցկացնել անկախության իր հանրաքվեն:

Դրանք ռոմանտիկ, երանելի ժամանակներ էին, թեև շատերի մոտ կային լուրջ մտահոգություններ երկրի ապագայի հանդեպ:

Անկախության այս ընթացքում Հայաստանն ունեցել է բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ: Ամենամեծ նվաճումը ինքնին անկախ պետականության հռչակումն էր: Մեծագույն մյուս նվաճումը արցախյան հաղթանակն էր: Ամենամեծ կորուստը ՀՀ-ից ավելի քան մեկ միլիոն հայերի հեռանալու իրողությունն է: Հայաստանից արտագաղթը չի դադարել սկսած Խորհրդային Միության գոյության վերջին տարիներից: Երբ հայերը հեռանում են հայրենիքից, դա նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չի արվում: Այսօր էլ ՀՀ պետականության ամենալուրջ մարտահրավերը հենց արտագաղթն է:

Հ.գ. Շնորհավորում եմ բոլորիս ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ տոնի առիթով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել