Tert.am-ը գրում է.

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով երեկ կառավարությունում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց, թե լավ կլինի, որ նոր վարչապետը զերծ մնա շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից:

«Մենք իսկապես պաշտպանել ենք վարչապետի նշանակումը և լիահույս ենք, որ այն խնդիրները, որ երկրի առջև ծառացած են, վարչապետը խորապես գիտակցում է և ունի այդ կարողությունը՝ այդ խնդիրները լուծելու: Սակայն նախորդ փորձերը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ այդ ամենը պետք է կատարվի որոշակի քայլերով, և զերծ մնանք շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նորաշնանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ թերահավատորեն էր վերաբերվել ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացրած տվյալներից մեկին՝ ասելով. «Չեմ հավատում»:

«Կառավարությունն այն տեղը չի, որտեղ վարչապետը պետք է հավատա կամ չհավատա, եթե մի բան կա, որ տեսնում ես, էլ դրա հավատալը ո՞րն է։ Չկա՞, ուրեմն առավել ևս հավատալու խնդիր չկա: Կոնկրետ կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պիտի կատարվեն, և այդ գործերը կամ կան, կամ չկան»,-հավելեց Ռուստամյանը:

Դիտարկմանը, այսինքն, ըստ նրա, շոո՞ւ էր երեկվա միջադեպը, նա արձագանքեց. «Չեմ կարծում: Նոր է վարչապետն իր գործունեությունը սկսում, նա պետք է առավելագույնս ծանոթանա բոլոր ոլորտների կատարված-չկատարվածին ու հավատի միջոցով քննարկումներ կատարելը ճիշտ ճանապարհ չէ: Մենք վստահում ենք ամբողջությամբ, մասնավորապես՝ տվյալ պարագայում Արծվիկ Մինասյանին, որ նա գիտի իր համակարգը, իսկ եթե չի հավատում վարչապետը, թող համոզվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել