Սիրված երգչուհի, «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եւ DJ Սերժոն ներկայացնում են իրենց համատեղ նոր աշխատանքը. կայացավ «Հարս» երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: «Հարս»-ը Իվետա Մուկուչյանի եւ DJ Սերժոյի՝ 2015 թ-ին հանրությանը ներկայացված «Արի յար» երգի երկար սպասված երկրորդ մասն է, տրամաբանական շարունակությունը: «Հարս»-ի համար որպես երաժշտական հիմնական մոտիվ ծառայել է «Բուլանըխի սիրերգ» ժողովրդական երգը: Իվետա Մուկուչյանի խոսքով՝ նոր երգը պատրաստելու և հանրությանը ներկայացնելու գլխավոր շարժառիթը եղել է «Արի յար»-ի սիրված և պահանջված լինելու հանգամանքը, ինչպես նաև նախապես տրված խոստումը, որ այն պետք է իր շարունակությունն ունենա: «Կարծում եմ՝ արդեն շատերն են նկատել, որ ես և Սերժոն, բացի լավ ընկերներ լինելուց, նաև երաժշտական լավ թիմ ենք, սիրում ենք համատեղ աշխատել, նոր նախագծեր ներկայացնել: Այս երգը հենց այդպիսի համագործակցության արդյունք է»,- նշում է Իվետա Մուկուչյանը՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել ողջ գործընթացում ներգրավված թիմին՝ Լիլիթ եւ Լևոն Նավասարդյաններին, Վահան Ստեփանյանին, «Հավասի» աշուղական երիտասարդական անսամբլին (ղեկավար՝ Հովհաննես Հայրիկյան,) Գևորգ Կարապետյանին: 

Երգչուհու խոսքով՝ երգի ընտրությունն ու հանրությանը ներկայացնելու մոտեցումը պատահական չեն եղել: «Ուզում եմ, որ մարդիկ լավ ծանոթ լինեն հայկական մշակութային գանձերին, պատմությանը, ժողովրդական երգերին, ազգային պարերին: Իսկ ես փորձում եմ այդ ամենը ներկայացնել նոր ու ժամանակակից մոտեցմամբ, ինձ հարազատ ձևով, իմ ձևով: Հուսով եմ, որ այն կսիրվի և լայն տարածում կգտնի»,- նշում է Իվետա Մուկուչյանը: Երգի երաժշտական նոր տարբերակի հեղինակը DJ Սերժոն է, ում համար կարևոր է եղել, որ այն չլինի «Արի, յար»-ի նույն տրամադրության մեջ: «Թեև այս երգը նախորդի շարունակությունն է, սակայն չէինք ուզում, որ այն իր թելադրած տրամադրությամբ նույնը լիներ: Ուզում էինք գտնել մի երգ, որին կմոտենայինք մեր ձևով: Վերջնական որոշումը կանգ առավ այս երգի վրա, որը ևս պարային է ու պոզիտիվ»,- նշում է DJ Սերժոն: Տեսահոլովակի պատրաստման ընթացքում օգտագործվել են կադրեր «Հնավանդ թմբուկ» հայկական ֆիլմից, որտեղ ներկայացված են հատվածներ հայկական ավանդական հարսանեկան արարողությունից, տոնական երգ ու պար, տվյալ ժամանակաշրջանի հայկական կենցաղ: Տեսահոլովակի հեղինակ Վահան Ստեփանյանը ողջ ասելիքն ու ամբողջական գաղափարը փորձել է ամփոփել մեկ նախադասության մեջ. «Այս տեսահոլովակը չէր լինի առանց այն մարդկանց, ովքեր պահպանեցին և մեզ փոխանցեցին հայկական դարավոր երգն ու պարը: Մենք խոնարհվում ենք նրանց առջև»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել