Սեպտեմբերի 10-ն Աստղիկ Սաֆարյանի համար շատ կարևոր և նշանակալից օր էր. երգչուհին նշում էր ստեղծագործական գործունեության 10 տարին: Երգչուհին Yans Music Hall-ում փակ միջոցառում էր կազմակերպել և հրավիրել բոլոր նրանց, ովքեր տասը տարվա ընթացքում եղել են նրա կողքին: BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը և ֆիքսել երեկոյի հետաքրքիր պահերը:
«Միջոցառումն ունի «Տասը տարի բեմում» խորագիրը, որն իր մեջ ներառում է երեք նախագիծ՝ մենահամերգ կենդանի նվագակցությամբ, նոր ալբոմի շնորհանդես և իմ ու Հայքի Նարեկի տեսահոլովակի պրեմիերան: Ես պլանավորում էի, որ այս երեք նախագծերը պետք է ներառեմ և ամփոփեմ այս միջոցառման ժամանակ: Երբ նոր էի ծրագրում այս ամենը, թվում էր՝ չեմ կարողանա վերջնագծին հասցնել, բայց տասը տարիների փորձս իրենն արեց և, ինչպես տեսնում եք, միջոցառումը կայացավ»:
Երեկոյի ընթացքում երգչուհին ներկայացրեց իր՝ թվով արդեն երկրորդ ձայնասկավառակը, որն ունի «Better way» անվանումը։ Անվան ընտրությունն իր նշանակությունն ունի. «Թարգմանաբար այն նշանակում է «ավելի լավ ուղի», քանի որ երաժշտությունն ինձ համար ամենից լավ ուղին է, որ ես կարող էի ինձ համար ընտրել: Վերջին չորս տարին ապրելով ու սովորելով Իսպանիայում՝ հասկացա, որ, այնուամենայնիվ, երաժշտությունն ինձ շատ ավելի հեշտ է տրվում: Ձայնասկավառակի համար ամբողջ ֆոտոշարքն արել է Ուկրաինայից եկած լուսանկարիչ Գոռ Ռոբերտիչը։ Շատ ուրախ եմ, որ համագործակցեցի նրա հետ»:
Ձայնասկավառակում տասնմեկ երգ է ներառված, որոնցից մի քանիսն արդեն հայտնի են և սիրված։ Բոլոր երգերի հեղինակն Աստղիկն է:
Ամիսներ առաջ BlogNews.am-ը ներկա էր Աստղիկի և Հայքի Նարեկի «Լավն ես» տեսահոլովակի նկարահանմանը, որի պրեմիերան էլ եղավ երեկոյի ընթացքում: Երգչուհին պատմեց, որ երգը գրվել է Բարսելոնայում. «Ես և Նարեկը միշտ ցանկանում էինք համագործակցել իրար հետ։ Երբ եկա Երևան, ցույց տվեցի նրան այս երգը, և որոշեցինք, որ պետք է այն կատարենք միասին»:
Աստղիկ Սաֆարյանի կազմակերպած երեկոյին ներկա էին շոու բիզնեսի միայն այն ներկայացուցիչները, ընկերները, մարդիկ, ովքեր տասը տարիների ընթացքում եղել են երգչուհու կողքին: Երեկոն փակ բնույթ էր կրում, բայց երկրպագուների համար երգչուհին նոր անակնկալներ ունի. «Ես շատ-շատ եմ սիրում իմ երկրպագուներին և գնահատում նրանց հավատարմությունը։ Նրանց համար ես հանդես եմ գալու համերգներով, որոնց ընթացքում հնարավորություն կլինի ձեռք բերելու իմ ձայնասկավառակը»:
Վերջում, ամփոփելով տասը տարվա գործունեությունը, երգչուհին նշեց. «Լինելով մի փոքր բծախնդիր և խիստ ինքս իմ հանդեպ՝ կարող եմ ասել, որ շատ-շատ բացթողումներ են եղել։ Երբ քո առջև մեծ նպատակներ ես դնում և հասնում ես դրանցից մի քանիսին, մտածում ես, որ կարող էիր անել ավելին: Ամեն դեպքում պետք է խոստովանեմ, որ քիչ բան չեմ արել՝ լինելով ինքս իմ պրոդյուսերը, քանի որ ես եմ զբաղվում իմ ֆինանսական, ոճային և այլ հարցերով: Ավելորդ համեստություն չանեմ, բայց ինչ-որ չափով թողել եմ պատմություն, որի համար հիմա չեմ զղջում, որովհետև ժամանակին ամեն հարցի բավականին լուրջ եմ վերաբերվել»:
BlogNews.am-ը շնորհավորում է երգչուհուն և ստեղծագործական նոր վերելքներ մաղթում։
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարներն՝ Արշակ Ռոստոմյանի