Հագուստի ներկայանալի տեսքն ապահովելու համար նախ և առաջ այն պետք է ճիշտ լվանալ: Ահա այն հիմնական սխալները, որոնք մենք թույլ ենք տալիս լվացքի մեքենայով հագուստ լվանալու ժամանակ:
1. Հագուստի սխալ խմբավորում: Ոչ, խոսքը միայն հագուստի՝ ըստ երանգային առանձնահատկության տարանջատելու մասին չէ: Կարևոր է հաշվի առնել նաև գործվածքի տեսակը: Օրինակ՝ սրբիչներն ու սինթետիկ կտորից հագուստը երբեք իրար հետ լվանալ չի կարելի․ բամբակը բամբակի հետ, սինթետիկը՝ սինթետիկի, բրդյա իրերն էլ միասին:
2. Լաքաների հեռացումը սխալ եղանակով: Չի կարելի լաքան մաքրել շփման եղանակով: Պարզապես հետքը վերացնելու համար հագուստի մշակման ենթակա մասը դրեք լաքահանող նյութի լուծույթի մեջ կամ էլ լաքայի վրա նույն այդ նյութով թաթախված սպիտակ լաթի կտոր դրեք ու թողեք մի որոշ ժամանակ:
3. Լվացքի փոշու չարաշահումը: Փոշու ավելցուկը չափազանց շատ փրփուր է ստեղծում, իսկ փրփուրը թույլ չի տալիս կտորին ազատվել փոշուց, կեղտից և մանրէներից:
4. Շղթան։ Այն պետք է անպայման քաշել լվացքից առաջ, որովհետև նրա կոպիտ ատամիկները կարող են վնասել հագուստի գործվացքը:
5. Իսկ ահա հագուստի կոճակները պարտադիր պետք է արձակել, որովհետև հակառակ դեպքում կոճակները կարող են պոկվել:
6. Հագուստի հաճախակի ճերմակեցումն ուղղակի մաշեցնում ու քայքայում է այն, այդ իսկ պատճառով փորձեք վերադարձնել հագուստի ճերմակափայլ տեսքը մեր տատիկների փորձված մեթոդով. եռման ջուր, մի քանի կաթիլ լիմոնաթթու և վերջ․ հագուստը թրջոցից հետո թարմ ու ճերմակ տեսք կունենա:
7. Սխալ կարծիք կա, որ եթե լվացքի մեքենան արդեն մի ծրագիր լվացք է արել, ապա հաջորդից առաջ այն պետք է թողնել մի փոքր դադար առնի՝ հանգստանա: Շատ լավ կլինի, եթե ձեր լվացքը կազմակերպեք այնպես, որ հաջորդ լվացքը նախորդին հաջորդի միանգամից, քանի դեռ մեքենայի ջրատաքացման պարույրները տաք են: Այդպես մեքենան չի գերբեռնվում կրկին տաքանալու համար, իսկ էլեկտրաէներգիան էլ տնտեսվում է:
8. Գործվածքը փափկեցնող հեղուկը սրբիչների պարագայում օգտագործելը սխալ է, որովհետև փափկեցնող հեղուկը գործվածքը դարձնում է քիչ կլանունակ, իսկ սրբիչների պարագայում դա անթույլատրելի է:
9. Գերբեռնել մեքենան ևս անթույլատրելի է: Նման լվացքը նախ անարդյունավետ է, երկրորդը՝ վտանգավոր մեքենայի համար:
10. Եթե լվանում եք սինտեպոնից բաճկոններ, ապա անպայման մեքենայի մեջ տեղավորեք նաև թենիսի 3-4 գնդակ: Գնդակները կօգնեն, որպեսզի սինտեպոնը հագուստի ներսում անշարժ մնա և այս կամ այն մասում չհավաքվի:
11. Թանկարժեք լվացքի միջոցները միայն արագացնում են մեր լվացքի մեքենայի մաշվածությունը: Այդ իսկ պատճառով կենցաղային քիմիայի փոխարեն օգտվեք բնական տարբերակներից։ Գործվածքի գույները վառ կդարձնի կերակրի աղը, ճարպոտ հետքերը կվերացնի կավիճը, տնտեսական օճառն էլ կհանի բոլոր լաքաները, իսկ կիտրոնի փոշին կփափկեցնի գործվածքն ու թարմ բույր կհաղորդի նրան:
12. Լվացքի մեքենայի սխալ խնամքը: Հաճախակի լվացեք մեքենան, մի՛ մոռացեք, որ փոշին ու հեղուկները լցնելու տարան հանվում ու առանձնանում է մեքենայից: Հանեք այն, մաքրեք նրա հարակից ողջ մակերեսը:
Լվացքն ավարտելուց հետո մի՛ փակեք մեքենայի դուռը, թողեք այն օդափոխվի ու չորանա: Տարվա մեջ 4-5 անգամ տաք ջրի ռեժիմով մեքենան ախտահանեք՝ ավելացնելով սպիտակ քացախի մի քանի կաթիլ: Արեք այս ամենն ու Ձեր լվացքի մեքենան դեռ երկար կծառայի Ձեզ:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Նյութի աղբյուրը՝ ADME.RU կայք