Ամբողջ աշխարհի գիտնականները սկսել են հաշվել Չելյաբինսկի երկնաքարի պայթյունի հզորությունը: Ամերիկացի եւ ռուս գիտնականները տարբեր գնահատականներ են տվել:

Ըստ NASA-ի` Չելյաբինսկում երկնաքարի պայթյունի հզորությունը կազմել է 300-500 կիլոտոննա: Դա գրեթե 20 անգամ գերազանցում է Հիրոսիմայում նետված ատոմային ռումբի հզորությանը: 

Յոթ հազար տոննա զանգվածով երկնաքարը Երկրի մթնոլորտ է ներխուժել առնվազն 64 հազար կմ/ժ արագությամբ եւ պայթել 19-24 կմ բարձրությունում: NASA-ի փորձագետներն այդ երկնաքարն անվանել են Տունգուսի աղետից հետո Երկրի վրա ընկած ամենահզոր տիեզերական մարմինը:

NASA-ում կարծում են, որ Ռուսաստանի տարածքում ընկած օբյեկտը Մարսի եւ Յուպիտերի միջեւ գտնվող «աստերոիդների գոտուց» մի բեկոր է: Նման տիեզերական մարմինը նախապես հայտնաբերելը շատ դժվար է:

Ռուս մասնագետներն իրենց հերթին պարզել են, որ երկնային մարմինը մի քանի մ է եղել, զանգվածը՝ մոտ 10 տոննա, էներգիան էլ մի քանի կիլոտոննա է եղել: Ըստ փորձագետների` երկնաքարը մթնոլորտ էր մտել 15-20 կմ/վ արագությամբ եւ պայթել 30-50 կմ բարձրությունում:

Բեկորների մեծ արագությամբ շարժումը հզոր լուսավորություն եւ հարվածի ուժեղ ալիք էր առաջացրել: Ընկնող նյութի հիմնական մասը ցնդել էր, մնացած բեկորները արգելակվել էին եւ կարող էին ընկնել երկնաքարերի տեսքով: Հայտնաբերված երկնաքարերի զանգվածը կազմում է նախնական զանգվածի 1-5%-ից ոչ ավելի: Հիմնական էներգիան անջատվել էր 5-15 կմ բարձրությունում, գրում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Չելյաբինսկի, Տյումենի, Սվերդլովի, Կուրգանի մարզերի, Ղազախստանի եւ Բաշկիրիայի բնակիչները երկնքում հզոր պայթյուն էին նկատել: Ըստ Եկատերինբուրգի աստղադիտարանի` երկրի մոտով աստերոիդ էր սուրացել: Այլ գիտնականներ էլ հայտնել էին, որ Չելյաբինսկի երկնքում բոլիդ է պայթել:

Երկնային մարմնի բեկորները Երկրի բնակեցված հատվածներ չեն հասել, սակայն հարվածի ալիքից կոտրվել են շենքերի ապակիները: Զոհեր չկան, սակայն երկու մարդ ծանր վիճակում են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ըստ վերջին տվյալների` Կուրգանի, Չելյաբինսկի, Սվերդլովի, Տյումենի մարզերում երկնաքարի անձրեւից տուժել է 1145 մարդ, հիսուն մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել