Картинки по запросу հովիկ աբրահամյան

Մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այսօր պաշտոնապես հաստատվեց, և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց իր հրաժարականի մասին: Մի կողմ դնելով տարատեսակ քաղաքական քննարկումները՝ փորձենք հակիրճ հասկանալ վերջինիս 2.5 տարվա կառավարման ժամանակաշրջանում ստեղծված տնտեսական իրավիճակը, մարտահրավերները և այդ պայմաններում արձանագրված արդյունքները: Այլ կերպ ասած ի՞նչ էր ժառանգել Աբրահամյանը և ի՞նչ պայմաններում էր ծավալում գործունեությունը:

2014 թվականին, երբ Հովիկ Աբրահամյանը գլխավորեց գործադիր մարմինը, թե՛ ներքին և թե՛ արտաքին տնտեսա-քաղաքական հարթություններում առկա էին բազմաթիվ բացասական միտումներ: Ներքին տնտեսությունում շինարարական ոլորտը շարունակում էր անկում ապրել, իսկ ահա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրացումը հանգեցրեց նավթի գների անկման, ինչն էլ դարձավ Հայաստանի համար դրամական փոխանցումների կրճատման պատճառ, սրան էլ գումարած արտաքին պարտքի ահռելի մակարդակը: Այդ շրջանում առկա էր նաև բացասական միտում ներդրումային դաշտում, ինչը նույնպես չէր կարող իր ազդեցությունը չթողնել տնտեսության զարգացման վրա:

Սա դեռ դնենք մի կողմ: Ինչպես հիշում ենք, 2 տարի առաջ ապրիլին հանրապետության նախագահը Աբրահամյանի առջև դրեց կառավարության նկատմամբ վստահության վերականգնման խնդիրը։ Այսինքն՝ ամենամեծ պրոբլեմը, որի հետ բախվել էր Աբրահամյանը պաշտոնը ստանձնելու պահին, հասարակական վստահության դեֆիցիտն էր իշխանության նկատմամբ։

Ինչևիցե, անգամ ստեղծված մարտահրավերների պայմաններում Աբրահամյանին հաջողվեց 2015 թվականին արձանագրել 3% տնտեսական աճ: Սա այն պայմաններում, երբ միջազգային կառույցները վատատեսորեն էին մոտենում ՀՀ-ում տնտեսական քաղաքականությանն ու անգամ տնտեսական անկում կանխատեսում:

Հարաբերությունները հարևան Վրաստանի ու Իրանի հետ նոր նշաձող սահմանեցին: Վարչապետի կառավարման տարիներին կյանքի կոչվեցին տարածաշրջանային մի շարք կարևոր ծրագրեր: Մասնավորապես՝ բոլորովին վերջերս Հայաստանը դարձավ գազի արտահանման տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի միջև:

Երկրի ներքին կյանքում տեղի ունեցած իրադարձություններից կարելի է առանձնացնել տարիներ ի վեր գլխացավանք դարձած Նաիրիտի հարցի լուծումը: Աշխատակիցները վերջապես ամբողջովին ստացան իրենց հասանելիք գումարները:
Չենք կարող չնշել, որ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը, չնայած գլոբալ խնդիրներին, գրանցել է նաև որոշակի դրական արդյունքներ:

Հ.Գ. Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մասնագիտական մեծ հմտություններ անհրաժեշտ չեն տեսնելու համար վերը նշված խնդիրներն ու գրանցած արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել