Սեպտեմբերի 15-ից մեծ էկրան կբարձրանա հայկական նոր կատակերգություն՝ «3+2 կգ»։ Այս անգամ հանդիսատեսին սպասվում է քրեական կատակերգություն։  Այս մասին BlogNews-ին հայտնեց ֆիլմի տնօրեն և դերասան Արման Գևորգյանը՝ նշելով, որ ժանրային առումով «3+2 կգ»-ը նորություն է հայկական շուկայում։

«Հայկական շուկայում հիմնականում եղել են կատակերգություններ՝ իրենց դրամատիկ պատմություններով, սակայն քրեական կատակերգություն Հայաստանում երբևէ չի նկարահանվել։ «3+2 կգ» ֆիլմը նկարահանվել է պրոֆեսիոնալ բոլոր չափանիշներին համապատասխան, դասական կինոյի օրինակով»,- ասաց Արմանն ու հավելեց, որ իրենց ֆիլմում կա սեր, անդավաճան ընկերություն և քրեական պատմություն՝  համեմված հումորային իրավիճակներով։

Արմանը նշեց, որ ֆիլմի սյուժեն և զարգացումները շատ հետաքրքիր են. «Բացի նրանից, որ սպասվում է հետաքրքիր կատակերգություն, ֆիլմն ունի նաև դաստիարակչական բնույթ»։

Ֆիլմի հիմքում 3 տղաների ընկերությունն է, ովքեր ներքաշվում են քրեական պատմության մեջ։ Թե ինչ իրավիճակներում են նրանք հայտնվում և ինչպես են դուրս գալիս դրանցից, հանդիսատեսը կտեսնի կինոթատրոններում։

Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորն ու պրոդյուսերը Կորյուն Մայիլն է՝ երեխաներին հայտնի քեռի Մուլտիկնիկը։ «3+2 կգ»-ի դերակատարներն են՝ Արման Նավասարդյանը, Արման Գևորգյանը, Կորյուն Մայիլը, Սարգիս Գրիգորյանը, Արթուր Պապիկյանը, Արթուր Հակոբյանը, Արա Սարգսյանը,  Աննա Մարտիրոսյանը, Լիլիթ Գալստյանը, Մխիթար Ավետիսյանը և այլք։

   

Նյութը՝ Ամալյա ՀՈվհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել