Ռուսաստանի Դաշնությունում աննախադեպ բան է տեղի ունեցել: ՌԴ նախագահ Պուտինը ՖՍԲ-ին կամ այլ կերպ ասած ժամանակակից ԿԳԲ-ին հանձնարարել է պաշտպանել եվրասիական ինտեգրացիան և այս գործի համար համագործակցել այլ երկրների կոլեգաների հետ: Այլ երկրներ ասելով Պուտինը նկատի ունի այն երկրները, որոնք, այսպես ասած, ներառվում են եվրասիական ինտեգրացիայի տիրույթ: Բնականաբար խոսքը նաև Հայաստանի մասին է, թեև անուններ որպես այդպիսին հնչել են միայն Բելառուսի և Ղազախստանի մասով:

Սա, ըստ էության, աննախադեպ, սենսացիոն մի երևույթ է, որով Ռուսաստանը, փաստորեն, ազգային անվտանգության կամ պետական անվտանգության սպառնալիքների շարքին է դասում բոլոր նրանց, ովքեր հանդիսանում են եվրասիական ինտեգրացիայի գաղափարախոսության ընդդիմախոսներ: Ընդ որում, աղաղակողն այստեղ այն է, որ Պուտինը չի սահմանափակվում միայն Ռուսաստանի տարածքով, Ռուսաստանի քաղաքացիներով: Նա ՖՍԲ-ԿԳԲ-ին հրահանգում է գործողություններ իրականացնել նաև հետխորհրդային այն երկրների տարածքներում, որոնց Ռուսաստանը տեսնում է որպես ինտեգրացիայի սուբյեկտներ կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ օբյեկտներ, բայց որոնցում կան մարդիկ կամ հասարակական շերտեր, որոնք դեմ են ինտեգրացիային, քանի որ դրանում տեսնում են սպառնալիք իրենց ազգային կամ պետական անվտանգությանը:

Այլ կերպ ասած Պուտինը իր ԿԳԲ-ին հրապարակավ հրահանգում է միջամտել այլ երկրների ներքին գործերին և նրանց պարտադրել որոշակի մոտեցումներ: Սա գրեթե հավասարազոր է ուժային օպերացիայի հրամանի, որովհետև խոսքը վերաբերում է ուժային կառույցին տրված ցուցումին կամ հրամանին: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանն այլևս ձեռնամուխ է լինում ուժով ինտեգրացիային: Պուտինը նույնիսկ խոսել է ուժի մասին ասելով, որ «թեթև ուժի» կիրառումն էլ հնարավոր է ընդդեմ ինտեգրացիային խոչընդոտող արգելքների:

Թե ինչ է նշանակում, երբ մի բանի պաշտպանությունը ստանձնում է ԿԳԲ-ն երևի թե շատերը կպատկերացնեն: Այդ կառույցի մեթոդների և մոտեցումների մասին շատերն են լսել: Եվ հետևաբար սա նշանակում է, որ եթե Հայաստանը ներառվում է պուտինյան պաշտպանական դիրքերում, ապա մեր երկրում պետք է սպասել իսկապես անկանխատեսելի զարգացումների: Եվ սա էլ նշանակում է, որ անկախ եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ կարծիքներից, որ կարող են լինել հայաստանյան այս կամ այն շրջանակներում, ակնհայտ է մի բան՝ Պուտինի ելույթում ակնհայտորեն շոշափվում են Հայաստանի ինքնիշխանության հանդեպ հենց այս պահին,- անգամ դեռ եվրասիական միությունը չկազմավորված,- ոտնձգության տարրեր, հավակնություններ: Եվ չնայած Հայաստան անունը տրված չէ, այնուհանդերձ ակնհայտ է, որ Հայաստանը կարող է լինել Պուտինի նշած երկրների ցանկում, և ուրեմն Հայաստանը բոլոր մակարդակներում՝ պաշտոնական, քաղաքական, հասարակական, պետք է արձագանքի տեղի ունեցածին՝ կանխարգելիչ նպատակներով:

Հայաստանը իր, բացառապես իր ուժերով պետք է որոշի, թե ինչն է իր համար նպաստավոր, թե որ կարծիքը կամ գաղափարը պետք է պաշտպանել, ինչպես, ումից: Այս հարցերի որոշումը բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների իրավասության շրջանակում է, ինչի մասին պետք է հայտարարվի հստակ, կոնկրետ, արժանապատվորեն: Իսկ Ռուսաստանում որևէ բան պաշտպանելը՝ ձևի և բովանդակության առումով, իհարկե այդ երկրի իշխանությունների գործն է, որին միջամտելու իրավունք և անհրաժեշտություն Հայաստանը չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել