50910Araratnews.am-ը գրում է.

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրն է:

Qahana.am-ը գրում է, որ  Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք… որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10):

Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3: 3): Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտել ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել:

Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1: 1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր՝ շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր` դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2: 10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում, նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել