Երեկ լրատվամիջոցների հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ  ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանն անդրադառնալով նոր ուսումնական տարում անվտանգ երթևեկություն ապահովելու հարցին՝ նշել է, որ բազմաթիվ դպրոցների մոտակայքում արդեն իսկ գծանշումներ են արվել,  թարմացվել են ճանապարհային նշանները և սեպտեմբերի 1-ից 30-ը, երթևեկելի ճանապարհներին կից բոլոր դպրոցների մոտ պարեկություն են անելու ոստիկանական կարգախմբեր:  

Փորձելով պարզել, այնուամենայնիվ, արդյո՞ք մեր քաղաքում ապահովված են անչափահաս հետիոտների անվտանգության մինիմալ պայմանները, BlogNews –ի ֆոտոխցիկն այսօր վաղ առավոտյան շրջեց մայրաքաղաքի ամենամարդաշատ  զանգվածներից մեկի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ամենաբանուկ խաչմերուկի տարածքում:

  Րաֆֆու և Անդրանիկի փողոցներն են, որոնք ցերեկային ժամերին  գերբեռնված երթևեկություն ունեն: Իսկ ահա այս խաչմերուկը սպասարկում է  թվով երկու հիմնական դպրոց, մեկ մարզադպրոց  և երկու մանկապարտեզ, ընդ որում մանկապարտեզներից մեկը ներառական է:

Պայմանավորված այն փաստով, որ վերջին ժամանակներում վերաբացված «Կինոհայաստանն» ու երևանցիների ամենասիրելի ժամանցային վայրերից մեկը դարձած նրա հարակից այգին  մի քանի անգամ կրկնապատկել են  այս ճանապարհի ծանրաբեռվածությունը՝  վերջին ժամանակներում այս փողոցներում հետիոտնի համար անցում կատարելը դարձել է իսկական կենաց ու մահու հարց:

 Դեռ անցյալ տարի ողջ հասարակությանը ցնցեց նորածնի հետ զբոսնող երիտասարդ կնոջը հենց այս փողոցում անցումի վրա վրաերթի ենթարկելու դեպքը, որի արդյունքում կինը մահացավ, իսկ երեխայի կյանքը հաջողվեց փրկել: Այս ամառ էլ տաքսու վարորդը նույն կերպ զրկվեց կյանքից, երբ փորձում էր մեկ մայթից  մյուսն անցնել հետիոտնի համար նախատեսված մասով:

Համայնքի տարածքում մի փոքր ավելի շրջելուց հետո  ֆիքսեցինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրեթե   բոլոր մարդաշատ  անցումների գծանշումները կամ իսպառ բացակայում են, կամ էլ մաշվածության պատճառով  գրեթե  չեն երևում: Ու եթե համայնքի բնակիչները հիշողությամբ գիտեն, թե որտեղ  փողոցն անցնելու իրավունք ունեն և որտեղ՝ ոչ, ապա տարածքին անծանոթ  վարորդների ու հետիոտների համար այստեղ  տեղաշարժվելն իսկական գլխացավանք է:

Սեպտեմբերի մեկից  մի քանի հազար երեխա ամեն օր մի քանի անգամ երթևեկելու են այս փողոցներով: ՈՒ  ամեն անգամ չէ, որ ոստիկանը կամ ծնողը  մոտ է լինելու և օգնելու է երեխային ճանապարհն անցնել հենց այն մասով, որտեղով որ պետք է: Եվ եթե այսօր այս անցումների վրա մի քանի լիտր դեղին ներկ չծախսվի, ապա վաղն այս բացթողումը կարող է երեխայի կյանք արժենալ:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել