Թուրքիան խոստովանել է, որ մինչ այժմ ԱՄՆ-ին չի փոխանցել Թուրքիայում հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձին իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասնակցության ապացույցներ: Այս մասին հայտնում է Foreign Policy-ն:

Հեղաշրջման փորձի հետ Գյուլենի կապի ապացույցները «իրենց ժամանակին կփոխանցվեն»՝ մեջբերում է պարբերականը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Նաջի Այդան Ղարամանօղլուի խոսքը: «Հնարավոր չէ այդպիսի ապացույց ուղարկել հեղաշրջման փորձից ընդամենը մի քանի օր անց»,- նշել է նա:

Դիվանագիտական ներկայացուցչությունում նաև նշել են, որ Անկարան Վաշինգտոնին ընդդիմադիրին արտահանձնելու հայտ է ներկայացրել դեռևս «հուլիսի 15-ի չհաջողված հեղաշրջման փորձից առաջ»: «Գյուլենն արդեն հետաքննության տակ էր, մասնավորապես՝ ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և պետության դեմ անօրինական գործունեության կասկածանքով՝ մինչ պետական հեղաշրջման փորձը»,- ասել է Ղարամանօղլուն:

Անկարան բազմիցս ԱՄՆ-ին ներկայացրել է ընդդիմադիրին արտահանձնելու հայտ, ինչպես նաև նրա իրավախախտումների մասին մի քանի դոսյե: Միաժամանակ տեղական ԶԼՄ-ները նշում են, որ Գյուլենի մեղքի ապացույցի պակասի պատճառով ԱՄՆ վարչակազմը հակված է մերժել Թուրքիայի իշխանություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել