Image resultԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր հրապարակված իր հարցազրույցում անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին ու մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:
Անդրադարձ է կատարվել քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի՝ հարվածային ու հետախուզական կիրառմանն ու նրանց արդյունավետությանը: Նշվել է, որ հայկական կողմը խոցել է բազմաթիվ անօդաչուներ, որոնցից տասնչորսը ԼՂՀ տարածքում: Հարց է ծագում, եթե անօդաչուների կիրառումն անարդյունավետ է, ապա ինչու է Ադրբեջանը կառուցում սեփական տարածքում հարվածային ու հետախուզական անօդաչուների գործարան: Բաքուն ձգտում է սեփական արտադրության անօդաչուներով մի կողմից նվազեցնել կախվածությունը Իսրայելից ու նրա թանկարժեք ռազմա-արդյունաբերական համալիրից, երկրորդ՝ արտադրելով դրանք սեփական երկրի տարածքում, Բաքուն կարող է հաջորդ պատերազմի ժամանակ դրանք կիրառել ոչ թե տասնյակներով, ինչպես ապրիլին, այլ հարյուրներով: Այդ քանակությամբ անօդաչուների միաժամանկյա կիրառումը տարբեր ճակատներում՝ հարվածային-կամիկաձեների, որոնք կիրառվելու են թե քաղաքացիական բնակչության, ռազմավարական օբյեկտների, Քելբաջարի ու Լաչինի միջանցքները անանցանելի դարձնելու համար, մեծ դժվարություններ կարող է ստեղծել հայկական կողմի համար: Անօդաչուների, այն էլ կամիկաձեների դեմ պայքարի հաջող փորձ աշխարհում գոյություն չունի՝ դրանց որսալը ՀՕՊ-ի օգնությամբ բավականին դժվար է, իսկ հայտաբերման դեպքում անօդաչուն ինքնաոչնցացվում է՝ իրեն ուղղելով հենց ՀՕՊ համակարգերի վրա: Իսրայելն այն ստեղծել է որպես ՀՕՊ-ի դեմ պայքարի արդյունավետ միջոց:
Անդրադարձ է կատարվել հարցազրույցում նաև իսրայելական հակատանկային միջոցներին, որոնք աշխարհում համարվում են լավագույներից մեկը: Ադրբեջանը դրանք թանկ գներով գնել է Իսրայելից՝ դրանք ունեն բարձր արդյունավետություն, ինֆրակարմիր գլխիկ, թիրախը ընթացքում փոխելու ու հրթիռները մեկ այլ թիրախին ուղղելու հնարավորություն: Հենց Սփայք համակարգերի միջոցով էլ շարքից հանվել էին հայկական մի քանի տանկեր, որոնց մի մասը շարք է վերադարձվել, մյուսները՝ ոչ: Այդ համակարգերի դեմ պայքարի համար անհրաժեշտ է տանկերի վրա ունենալ համապատասխան սարքավորումներ, ակտիվ և պասիվ պաշտպանության համակարգեր, շեղող միջոցներ և այլն: Հայկական զինված ուժերում անհրաժեշտ է կատարել ֆինանսական ահռելի ներդրումներ՝ այլ ոչ թե Սփյուռքից հանգանակած մի քանի միլիոն դոլարը, որն օլիգարխներից ցանկացած մեկի տան գինն է ընդամենը կազմում: Հանգանակությունների հաշվին արդիականացնել բանակն անհնար է՝ Ադրբեջանը շարունակելու է միլիարդներ ծախսել զենքեր գնելու համար՝ ՀՀ-ԼՂՀ նաև ֆինանսապես հյուծելու համար:
ՊԲ-ի հրամանատարը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի ԼՂՀ-ը, եթե Ադրբեջանը Սմերչով հարվածի Ստեփանակերտին: Պատասխանն այսպիսին էր, որ պատասխանը կլինի անհամարժեք ու անակնկալ կլինի Բաքվի համար՝ չբացելով չակերտները: Դիտարկենք այն տարբերակները, որոնք կարող են կիրառվել՝ մոդելավորենք իրավիճակը: Բաքուն Սմերչով հարվածում է Ստեփանակերտին, որտեղ կենտրոնացած է ԼՂՀ բնակչության մեծ մասը՝ պետական ինստիտուտները, տնտեսական հզորությունները և այլն՝ Ստեփանակերտը տարածքով ու բնակչության փոքր քաղաք է: Դրանից հետո ինչպիսի՞ն պետք է լինի անհամարժեք պատասխանը՝ հարված Բաքվին, որն ունի գրեթե երկու միլիոն բնակչություն, իր արվարձաններով՝ մեկ հարվածով՝ Սմերչ կամ այլ հրթիռի անհնար է այդ մեծությամբ քաղաքը ջնջել երկրի երեսից՝ թույլ չեն տան թե Մոսկվան, թե Անկարան, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը: Հարվածել Բաքվի նավթահորերին՝ դա կհանգեցնի մեծ ավերածությունների, հնարավոր է մարդկային մեծ զոհերի, սակայն դա չի լինի անհամարժեք պատասխան՝ Ադրբեջան պետությունը դրանից չի վերանա կամ կազմաքանդվի: Հարվածել նավթագազային խողովակներին՝ այո, դա կաթվածահար կանի Ադրբեջանի տնտեսությունը որոշ ժամանակով: Ստեփանակերտին հարվածելուն համարժեք պատասխանը դժվար է պատկերացնել՝ անգամ հարվածելով մերձակա բոլոր ադրբեջանական խոշոր քաղաքներին, Մինգեչաուրի ջրամբարին, որի ջրերն ի դեպ ռազմական գործողությունից, պատերազմից առաջ կարող են դատարկել, կամ նվազեցնել նրա մակարդակը: Ինչ վերաբերում է Բաքվին, այնտեղ գտնվող պետական, ռազմական նշանակության օբյեկտներին կետային հարվածելուն, ապա դա բավականին դժվար կլինի թե հեռահարության պատճառով, թե հակազդման՝ Երկաթե գմբեթ, ՀՕՊ այլ համակարգեր: Չմոռանանք, որ Ադրբեջանը սպառնում է անգամ ՀՀ-ին՝ Նախիջևանից հարվածել խիտ բնակեցված Երևանին:
Ինչևէ, նոր զենքերը, զինատեսակները, որոնք գնվում են Ադրբեջանի կողմից պետք է համարժեք պատասխան ունենան ՀՀ-ԼՂՀ-ի կողմից՝ ռուսական վարկով գնվող որոշակի զինատեսակները կարող են ժամանակավորապես պահպանել բալանսը, սակայն երկարաժամկետ կտրվածքով բանակն ունի միլիարդավոր դոլարների ներդրումների կարիք՝ հաջորդ անգամ Մոսկվան կարող է և վարկ չտալ, իսկ այլ շուկաներից գնելու համար անհրաժեշտ է կանխիկ գումարներ, այն էլ հարյուր միլիոնավոր: ՌԴ-ը ՀՀ-ին զենք է վաճառում արտոնյալ գներով, այժմ էլ վարկային գծով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել