Tert.am-ը գրում է.

Մենք մտել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլորովին այլ փուլ: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Միաժամանակ, Ալավերդյանը դժգոհեց, որ հայտնի էլ չէ՝ բանակցային գործընթաց կա, թե ոչ: Այնուամենայնիվ, նախկին ՄԻՊ-ի խոսքով, բանակցային գործընթաց լինել չի կարող, քանի դեռ Արցախն ընդգրկված չէ բանակցային գործընթացներում:

«Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ճգնաժամ: Այս տարիների ընթացքում այս խմբի կողմից տարվող գործընթացի անունն ինչ էլ դնենք, ապրում է ճգնաժամ: Դրա  մասին վկայում է ոչ միայն այն, որ կողմերի միջև չկա հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություն, այլև այն, որ Մինսկի խմբի համանախագահները համեստ ու զգուշավոր են իրենց հայտարարություններում: Կփորձենք, ձգտում ենք, անում ենք... Սրանք են նրանց բառերը, իսկ սա ոչ այլ ինչ է, քան անգործություն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս ընդգծեց նաև, որ հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր համար պարզ չէ: «Քառօրյա պատերազմից հետո  պարզվեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը մազաչափ անգամ չի փոխվել, իսկ հայկական կողմի մոտեցումները եղել ու մնում են հեղհեղուկ: Սեղանին դրված է այլ փաթեթ, զիջումների, հողերի, որը մեր բոլոր իշխանավորների թեթև ձեռքով ստացել է ավելի անհասկանալի բնութագիր: Բորբոքված ելույթներ են ունենում, թե ով է ասում, որ մենք հողեր ենք տալու, ով է ասում, որ նման խոսակցություններ կան, բայց ե՞ս եմ Կազանի մասին լուրը տվել, ե՞ս եմ հայտարարել, որ համաձայնել ենք այդ փաստաթղթին: Այս ազնվական բորբոքումն ամենևին տեղին չէ, հասցեական չէ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել