Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի և նրա իրացման արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհով․ Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Նա նաև նշեց՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարևոր հանգրվաններ են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության հետևանքով խաղաղ բանակցային գործընթացին հասցրած վնասները վերացնելու գործում: Արցախի արտգործնախարարի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք ստորև։ 

– Պարո՛ն Միրզոյան, ինչպե՞ս  եք գնահատում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները։

– Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կարևոր հանգրվաններ են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրության հետևանքով խաղաղ բանակցային գործընթացին հասցրած վնասները վերացնելու գործում։ Համոզված եմ, որ հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կձևավորի համապատասխան մթնոլորտ բանակցությունների վերսկսման համար։ Միջազգային հանրությունը պետք է հետևողական կլինի այս նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում։ 

-Ապրիլյան պատերազմին հաջորդող գործընթացներում, Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումներում որքանո՞վ է կարևորվում ԼՂ մասնակցության հարցը: Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

-Խոսելով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության մասին՝ մենք, նախ և առաջ, ելնում ենք հակամարտության կարգավորման շահերից: Բանակցությունների սեղանին հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ ԼՂՀ-ի բացակայությունը խնդրահարույց է դարձնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելը: Վստահ ենք, որ բանակցություններին ԼՂՀ-ի անմիջական մասնակցության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված բոլոր կողմերի շահերից է բխում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել