Դեբետի կիրճին զուգահեռ ձգվում է Հայաստանի հյուսիսը պետական սահամանին կապող Մ-6 մայրուղին:

Կառավարությունը դեռևս 2011 թվականի նոյեմբերին հավանություն է տվել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգին, որի մեծ մասը վերաբերում է Մ6 Վանաձոր-Ալավերդի ու մինչև Վրաստանի հետ պետական սահման հասնող միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրին:

Ծրագրին ընթացք տալու նպատակով 2013 թ.-ին Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել էր 1 մլն. եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ:

Ռելիեֆային բարդ ու խճճված պայմանների պատճառով՝ մայրուղին ունի բազմաթիվ կամուրջներ և ուղեանցներ, ինչպես նաև՝ թունելներ, որոնք նշված շինաշխատանքների ընթացքում նույնպես պետք է վերանորոգվեն և կառուցվեն նորերը:

Ընդհանուր հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նախատեսվում է երեք կամուրջների քանդում, նորի կառուցում և ինը կամուրջների հիմնանորոգում: Աշխատանքներ պետք է տարվեն նաև մայրուղում առկա երեք թունելների վերակառուցման և վերանորոգման վրա: Ճանապարհահատվածը տարիներ ի վեր անմխիթար վիճակում է։ Բացի ռելիեֆային առանձնահատկություններից, ոլորապտույտ ճանապարհ՝ վերելքներով ու վայրէջքներով, այն նաեւ կիսաքանդ վիճակում է։
Տեղացիները սպասում են, թե երբ են մեկնարկելու նախատեսված աշխատանքները, որպեսզի վերջապես նորմալ, անվտանգ ու հարմարավետ ճանապարհ ունենան, որով նաև միջազգային բեռնափոխադրումներ են իրականացվում։ Այս ճանապարհի տնտեսական նշանակությունը ստրատեգիական է, այն հանդիսանում է ռեզերվային հատված Հյուսիս-հարավի համար:

Ճանապարհը կարևոր է նաև այն առումով, որ ՀՀ մտնող բեռնատարների 60 տոկոսը նախապատվությունը տալիս է հենց այս հատվածին՝ չնայած ռելիեֆային անհարմար պայմաններին: Պետք է նշեմ նաև, որ օրական այս հատվածով 2500-3000 մեքենա է անցնում, և այն իրականում տնտեսապես կարևոր հանգույց է:
Նշեմ նաև, որ ճանապարհի շինաշխատանքները հիմնականում պետք է իրականացնեն տեղացի աշխատուժի միջոցով, կներգրավվի մոտ 300 մարդ:

Ներկայումս ավարտվել են մրցութային ընթացակարգերը, դրանք ամփոփել են և ներկայացվել է բանկի հաստատմանը։ Ըստ այդմ էլ կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Մրցույթին մասնակցել են 16-ից ավելի ընկերություններ,այդ թվում նաև հայկական ընկերություններ կան։ Հաղթողը կորոշվում ՏԿ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից։ Սկզբից նախատեսված է գնահատական տալ տեխնիկական առաջարկին, հետո արդեն՝ գնային առաջարկին. նվազագույն գին առաջարկողը կհանդիսանա հաղթող։ Ըստ պատասխանատուների պնդումների՝ ծրագրում առկա են լուրջ տնտեսումներ:

Հ.գ. 1. Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարկային համաձայնագիրը նախատեսում է չորս տարի տևողություն, բայց զուտ շինաշխատանքները նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում։ Ճանապարհն ամբողջությամբ փակ կլինի մոտ 12 ամիս:
Հ.գ. 2. Պետք է փաստել, որ ճանապարհային հատվածի փակման ընթացքում երթևկությունը կաթվածահար չի լինի. Ստեփանավան-Օձուն շրջանցիկ երթուղին կարող է ծառայել հանրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել