Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն այսօր հայտնել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի նախագիծը ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի հաստատմանը: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթը:

Ըստ համաձայնագրի՝ Իսրայելը պարտավորվում է 20 միլիոն դոլար գումար վճարել թուրքական «Ազատության տորմիղ» (Mavi Marmara) նավում սպանված մարդկանց ընտանիքներին: Փոխհատուցումը պետք է արվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրվա ընթացքում:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Իսրայելը համաձայնել է Թուրքիայի առաջադրած բոլոր պայմաններին: Նշենք, որ Թուրքիան և Իսրայելը հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք են բերել 2016-ի հունիսի 28-ին:

Հիշեցնենք, որ 2010թ. Իսրայելի ռազմածովային ուժերը կալանել են «Ազատության տորմիղի» 6 նավերը, որոնք հումանիտար օգնություն էին տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված: Իսրայելի զինուժի գործողությունների հետևանքով թուրքական նավում մահացել է 9 հոգի: Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել