«Դուք ինձ փնտրում եք ոչ թե որովհետև հրաշքներ տեսաք, այլ որովհետև կերաք այդ հացից և կշտացաք» (Հովհ. 6:26)

Ահա Հիսուսի արձագանքն այն մարդկանց, որոնք, եկած լինելով իրեն ունկնդրելու, հաց էին փնտրում: Հիսուս հացի բազմացումով հագեցրել էր նրանց քաղցը, 2 նկանակով և 5 ձկով կերակրել էր ավելի քան 5000 մարդու: Բայց մեկ անգամ կշտացողը հացից ընդմիշտ կշտացած չի լինում: Ովքեր ճաշակել էին Հիսուսի տված ֆիզիկական հացը, դարձյալ հացի կարոտ ունեին: Այդ հրաշքի շնորհիվ հագենալով՝ մարդիկ հասկացան, որ իրենց կերակրողը առանձնահատուկ, գերմարդկային հնարավորություններով օժտված մեկն է: Նրա համեմատությամբ ո՞վ էր Գալիլեայի թագավոր Հերովդեսը, որ կարող էր իշխել միայն հռոմեական լեգեոններին ապավինելով: Ահա թե ով կարող էր ազատագրել իր ժողովրդին, չէ՞ որ նա կարողացավ հագեցնել մեզ բոլորիս. նշանակում է ամեն ինչ կախված է նրա կամքից և ցանկությունից: Եվ հետևում է շատ բնական մի արձագանք. մարդիկ ցանկանում են Հիսուսին թագավոր հռչակել: Սակայն, նրան թագավոր հռչակելու մեկ ուրիշ ծանրակշիռ պատճառ թերևս կար: Հիսուս իր ունկնդիրների առջև այնքան խորը, մարդկային կյանքի կատարելությանը հասնելու համար այնքան անհրաժեշտ ճշմարտություններ էր բացահայտում, որ ժողովուրդը միահամուռ ոգևորությամբ պետք է բացականչեր. «Ահա մեր երկար սպասված Ուսուցիչը, գնանք նրա հետևից»: Բայց ոչ: Հենց սպառողական մղումներով մարդիկ վճռում են նրան իրենց թագավոր հռչակել, երբ հագենում են՝ բավարարելով տվյալ պահի իրենց ամենասուր ֆիզիկական պահանջը:

Հին Գալիլեայի ժամանակներից վերադառնանք մեր օրերը: Անհնար է թվարկել այն բոլոր դժվարությունները, որոնք ծառացած են այսօր մեր ժողովրդի առջև: Համոզիչ կերպով կարելի է պնդել, որ մեզանից շատերը կգնան հենց այն առաջնորդների հետևից, որոնք կխոստանան ավելի կուշտ, ավելի բարեկեցիկ կյանք: Ցավով պետք է արձանագրել, որ մենք քիչ ենք հետաքրքրվում մեր ձայներով ընտրվող թեկնածուների հոգևոր ներաշխարհով: Կարևոր է, որ մեզ կերակրեն, բարձրացնեն մեր նյութական կենսամակարդակը, ավելին՝ կերակրեն մեզ կերակրելու խոստումներով: Ռուս ականավոր արձակագիր Անդրեյ Պլատոնովի հերոսներից մեկի խոսքով՝ «Եթե մարդկանց չես կարող երջանիկ դարձնել, ապա գոնե հաց տուր նրանց»: Սակայն Հիսուս մեզ ասում է. «Մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ նաև Աստծո խոսքով» (Մատթ. 4:4): 

Հացի խնդիրը այսօր էլ շարունակական փորձաքար է մեր հոգևոր կյանքի համար: Ի՞նչն է ավելի սասանում մարդու հավատն Աստծո հանդեպ քաղցից ավելի: Մի՞թե մարդկությանը կերակրելու խնդիրը չէ գլխավոր և իրական չափանիշը, որով պետք է չափվի փրկությունը: Ինչ-որ մեկը իրավունք ունի՞ իրեն փրկիչ կոչելու, եթե չի ապահովում այս չափանիշը: Կոմունիզմը հենց այս գաղափարն էր դրել մարդկության փրկության խոստման իր ծրագրի առանցքում՝ հաստատելով, որ մարդու քաղցը պետք է հագեցվի՝ թեկուզ անապատի քարերը հաց դարձնելու միջոցով: Հիսուս անապատում փորձության ժամանակ մերժեց հենց այդ գայթակղությունը, քանի որ իր առաքելությունը մարդուն սննդի հոգսից ազատելը չէր: Դա բնավ չի նշանակում, որ Քրիստոս ժխտում է կյանքի նյութական արժեքը: Չէ՞ որ Տերունական աղոթքի մեջ մեզ ուսուցանում է. «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր»: Հիսուս, որ իր աշակերտներին հորդորում է՝ չմտահոգվել մարմնի համար, թե ինչ պետք է ուտել կամ խմել, այդուհանդերձ մեզ հրավիրում է աղոթելու մեր ամենօրյա հացի համար և մեր այդ մտահոգությունը փոխանցելու Աստծուն: Իրապես, մենք ամբողջական կախում ունենք հացից մեր ֆիզիկական գոյությունն ապահովելու համար: Մարդը չի կարող ապրել առանց հացի, բայց մարդը չի կարող ապրել միայն հացով: Հապա է՞լ ինչով, կհարցնենք շատերս: Հիսուս պատասխանում է. «Ես եմ կյանքի հաց: Ով գալիս է դեպի ինձ, քաղց չի զգա բնավ, և ով հավատում է ինձ, չի ծարավի երբեք... Այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է. Ես այն տալիս եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ. 6:35,51): 

Հիսուս դառնում է այն ցորենի հատիկը, որ մեռնելով առատ պտուղ է տալիս: Նա ինքն է դառնում հաց մեզ համար, և հացի այս բազմացումը անսպառ կերպով կտևի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այս աշխարհը և մարդկությունը: Եթե չճաշակենք այդ հոգևոր հացը՝ Հիսուսի հաղորդությունը, չենք կարող հասկանալ նրա հոգևոր ուժը: Այսպես կարելի է հասկանալ Հիսուսի խոսքը, թե՝ «Ոչ միայն հացով է ապրում մարդը, այլ նաև Աստծո խոսքով»: Այս իմաստով ուշագրավ է նացիստների կողմից մահվան դատապարտված գերմանացի մի հոգևորականի խոսքը. «Հացը կարևոր է, ազատությունն ավելի կարևոր է, բայց ամենակարևորը շարունակական հավատն է և անուրանալի պաշտամունքը»: Որտեղ Աստված համարվում է երկրորդական, երբ ժամանակավորապես կամ մեկընդմիշտ անտեսվում է ավելի կարևոր արժեքների ու կարիքների համար, մարդու կյանքը խաթարվում է: 

Մի ժամանակ մեր ժողովուրդն էլ այդ փորձությանը չդիմացավ՝ գայթակղվելով համընդհանուր բարօրության պատրանքներով, որտեղ ամեն մեկին տրվելու էր ըստ իր պահանջների: Մարդիկ հանուն այդ գայթակղիչ երազանքների հրաժարվեցին հայրական հավատից, Աստծուց, պատմությունից: Սակայն այդպես էլ երջանկություն չգտան: Նույն գայթակղությունն ու փորձությունը շարունակվում է նաև այսօր: Նայեք Արևմուտքից զարգացող երկրների համար եկող օգնություններին, օգնություն՝ հիմնված սոսկ նյութա-տեխնիկական սկզբունքների վրա, օգնություն, որի դիմաց առաջարկվում է մի կողմ դնել Աստծուն: Նմանօրինակ օժանդակությունները քանդում են գոյություն ունեցող կրոնական, բարոյական և սոցիալական համակարգերը: Հավաստում են, որ կկարողանան քարերը հացի վերածել, մինչդեռ քար են տալիս հացի փոխարեն: Սեղանին դրված է Աստծո առաջնայնության հարցը...: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել