EXCLUSIVE
Ինչպե՞ս եք ընտրում այն լուսանկարներ, որ տեղադրում եք ձեր էջում, երգում ե՞ք միջոցառումներին, ինչպե՞ս եք կարողանում թաքցնել անձնական կյանքը, թե՞ թաքցնելու բան էլ չկա: Այս հարցերին և ոչ միայն պատասխանել է հայկական շոու բիզնեսի ամենավառ երգչուհին` Սոֆի Մխեյանը, ով օրեր առաջ լուսանկարվել է BlogNews.am–ի համար:
- Սոֆի, քանի՞ տարի է արդեն բեմում ես:
- Արդեն տասը տարի. 2005-2006 թվականի սեպտեմբերին առաջին տեսահոլովակս հայտնվեց հեռուստաեթերում, և մարդիկ սկսեցին ճանաչել ինձ որպես երգչուհի ՝Սոֆի Մխեյան։
- Ի վերջո հոբելյանական տարի է ստացվում և շատ արտիստներ այն ինչ որ կերպ նշում են, դու ունե՞ս նման ցանկություն:
- Ցանկություն իհարկե կա. կուզեի ներկայանալ մենահամերգով, բայց այնպես է ստացվում, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մենահամերգս հետաձգվում է։ Իսկ հանգամանքերը տարբեր են` տեխնիկական, կապված նաեւ ժամանակի, տարբեր իրադարձությունների հետ:
- Վերջին շրջանում մենահամերգների ակտիվություն եմ նկատում, ինչը վերջին տարիներին շատ էր պակասել: Ինքդ էլ կոլեգաներիդ մենահամերգներին ներկա էիր. արդյո՞ք չես ուզում նման տոն էլ դու պարգևես երկրպագուներիդ:
- Շատ անգամներ եմ համերգներով լինում Հայաստանի մարզերում, և հանդիսատեսի ոգևորվածությունից հասկանում եմ, թե որքան կցանկանային մենահամերգիս լինել: Մարդիկ, ովքեր ինձ լսում են, սիրում են, ծափահարում են, գիտեն, որ ես պարզապես անելու համար երբեք ոչինչ չեմ արել եւ չեմ անի: Մենահամերգի ժամանակն էլ կգա, կարեւորն այն է, որ ամեն դեպքում միշտ ստեղծագործական ռիթմի մեջ լինես։
- Կար ժամանակ, երբ երգիչ-երգչուհիները խուսափում էին ասել, որ նրանք երգում են տարբեր խնջույքներին, բայց հիմա չեն էլ թաքցնում: Հաճախ ե՞ս նման առաջարկներ ստանում և արդյո՞ք թանկ է քեզ ինչ-որ խնջույքի հրավիրելը:
- Ինձ ավելի հաճախ տեսնում են բեմում եւ հեռուստատեսությամբ, ու շատերի մոտ կարծիք է ձևավորվում, որ ես ներկա չեմ լինում միջոցառումների: Բայց իրականում շատ նորմալ եմ վերաբերվում արտիստի՝ միջոցառումների ընթացքում ելույթ ունենալու փաստին եւ ինքս էլ, երբ առաջարկ եմ ստանում՝ ցանկության և վերջնական պայմանավորվածության դեպքում մասնակցում եմ։ Իսկ ֆինանսական առումով չեմ կարող ասել, որ մատչելի է, բայց հակառակն էլ չեմ պնդի։
- Սոֆի, կոլեգաներիցդ շատերն այսօր միայն բիզնես նպատակ են հետապնդում: Այսինքն բացառապես ստեղծում են երգեր, որոնք գումար են բերում: Դու չե՞ս մտածում հեշտ գումար վաստակելու մասին:
- Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է կոմերցիոն երգ ստեղծել, տարբերակին շատ լավ եմ ծանոթ, բայց երբեք չեմ շեղվել այդ ուղղությամբ, փոխարենը կարողացել եմ իմ ռիթմերն ու տեսակը պահելով` լինել շատ արդի և լսվող:
- Հաճախ արտիստները ներկայացնում են այնպիսի գործ, որ վրա ծախսած գումարը կարողանան վերադարձնել: Ամեն դեպքում քո երկու աշխատանքերն բավականին ծախսատար էին, կարելի է՞ ասել, որ ծախսածդ գումարը կարողացար վերադարձնել:
- Պարզ է՝ ենթագիտակցորեն մտածում ես այդ մասին և իհարկե ուզում ես, որ հենց այդպես էլ լինի: Բայց կոնկրետ իմ դեպքում այնպես է ստացվում, որ յուրաքանչյուր աշխատանք անելիս, ինչքան էլ որ վերը նշվածի մասին մտածեմ՝ աշխատանքն էլ ավելի լավ անելու ցանկությունն առավել մեծ է: Օրինակ, եթե որոշել եմ որոշակի գումարի մեջ տեղավորվել, այնպես է ստացվում, որ միշտ ավելի գումար եմ ծախսում, քանի որ մտածում եմ, որ այս հավելյալ դետալն էլ ավելացնելու դեպքում, էլ ավելի լավ արդյունք կստանամ: Իրականում այդ ամենը հետադարձ այնպիսի հետաքրքիր ձևով ես ստանում, որ հասկանում ես՝ կատարած աշխատանքդ և նվիրումդ իզուր չէր:
- Ամեն դեպքում դու հայկական շոու բիզնեսի այն երգչուհիներից ես, ով սիրում է զարմացնել և չկրկնվել: Ինչի՞ց ես ոգեշնչվում նոր գաղափարներ ստեղծելուց:
- Շնորհակալ եմ։ Նախ կարծում եմ, որ յուրաքանչյուր արտիստի համար շատ կարևոր է միշտ նորովի ու յուրովի ներկայանալը: Իսկ ես շատ բաներից կարող եմ ոգեշնչվել, օրինակ շրջագայություններից, որոնց ընթացքում փորձում եմ հնարավոր շատ տեղերում լինել, հետաքրքիր վայրեր բացահայտել, հայտնի արտիստների համերգներին ներկա գտնվել: Կարող եմ նաեւ պարզապես համացանցով դիտել աշխարհի մեկ այլ ծայրում կատարվող մի իրադարձություն ու ոգեշնչվել: Այսինք աշխարհն անընդհատ ճանաչելու ցանկությունը ինձ տալիս է ոգեշնչման աղբյուրներ:
- Հիշում ե՞ս կյանքիդ այն փուլը, երբ դու հայտնի չէիր: Արդյո՞ք կային սովորություններ, որոնք ունեիր, որոնց մասին հիմա մոռացել ես: Օրինակ, վստահ եմ՝ հիմա երթուղային չես նստում:
- Իհարկե վերջին տարիներին երթուղային չեմ նստել, բայց մարդաշատ վայրերում հաճախ եմ լինում: Վստահ եմ՝ շատ բաներ կան, որ փոխվել են և հիմա նույնիսկ կդժվարանամ հիշել դրանք, ամեն դեպքում չեմ մեկուսանում և փորձում եմ միշտ լիենել ու քայլել ժամանանին համընթաց։
- Լինում են չէ՞ դեպքեր, երբ ինչ-որ լուսանկար ցանկանում ես տեղադրել քո էջում, բայց ամեն դեպքում ազատ չես քո ցանկություններում: Հայտնի լինելը ինչի՞ց է զրկում մարդուն:
- Մեր ոլորտում մենք հաճախ սահմանափակում ենք մեզ։ Մարդիկ մեզ այլ կերպ են ընդունում և անհնար է բոլորին բացատրել, որ մենք էլ ենք մարդ և մենք էլ կարող ենք լինել այնպիսին, ինչպիսին կանք, օրինակ՝ առանց շպարի կամ անտրամադիր: Իհարկե, շատ ուշադիր եմ իմ գրառումների և հրապարակած նկարների հանդեպ: Ու առհասարակ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մտածում եմ, արժե թե ոչ։
- Նոր աշխատանք ունես, նոր զբաղմունք: Ինչպե՞ս ես զգում քեզ նոր պաշտոնում և արդյո՞ք սա կխանգարի քո ստեղծագործական կյանքին:
- Այս հարցը շատ է ծագել, բայց ուրախ եմ որ նոր աշխատանքս մոտ է այն ամենին ինչով ես զբաղվել եմ և մինչ այս: Ուրախ եմ, որ հիմա դա նաև կանեմ օֆիցիալ կերպով։ Փորձում եմ ամեն բան համատեղել՝ աշխատանքս և երգարվեստը: Զբաղվում եմ պրոդյուսերությամբ եւ շնորհակալ եմ, որ ՊանԱրմենիա Մեդիա գրուպը վստահեց այս աշխատանքը ինձ և տվեց հնարավորություն լինել այս մեծ թիմի մի մասնիկը:
- Սոֆի, դու այն երգչուհիներից ես ով շատ հմտորեն կարողանում է թաքցնել իր անձնական կյանքը, չնայած վերջերս խոսակցություններ կային, որ դու գտել ես քո երկրորդ կեսին:
Իզուր չէ դա «անձնական» կոչվում: Ճիշտ է՝ մենք անընդհատ հասարակության աչքի առաջ ենք, բայց մենք էլ ենք ուզում ունենալ մեր անձնականը: Անձնականիս մասին խոսել չեմ սիրում։ Այս պահին միայն կասեմ՝ երբ ամեն ինչ արդեն պաշտոնական լինի, անպայման, ինչպես բազմիցս ասել եմ, տեղյակ կպահեմ։
- Այսինք դու չե՞ս հերքում, որ քո կյանքումդ անձնական փոփոխություն կա:
- Կժպտամ ուղղակի:)
- Մի անգամ ասել էիր, որ հանուն ընտանիքի պատրաստ ես կարիերադ զոհել: Ոչինչ չի փոխվե՞լ, դեռ նույն կարծիքին ե՞ս:
- Այո՛: Եթե ընտանիք կամ կարիերա թեման երբևէ քննարկվի, միանշանակ կընտրեմ ընտանիքը, քանի որ օրերից մի օր ամեն ինչ վերջանում է, և մնում է միայն ընտանեկան ջերմությունը։ Իմ ընտանիքի մոդելով կասեմ, երբ տուն ես մտնում, ստանում ես մի այնպիսի ջերմություն, որը երբեք ոչ մի բանի հետ չես փոխի: Բայց և վերջում ուզում եմ մի կարևոր բան նշել, որ յուրաքանչյուր անհատի ընտրյալ պետք է հասկանա, որ սիրելիին սահմանափակելով, նա ինչ-որ չափով կորցնում է այն մարդուն, ում ճանաչել ու սիրել է:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Արտ-տնօրեն` Կարեն Անտինյան
Ոճաբան` Արմեն Գալյան
Վարսահարդար`Անի Ավդալյան
Դիմահարդար` Սիրա Սարիբեկյան