ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանը նավթադոլարներից ստացված եկամուտներով կարող է գնել զենք աշխարհի ցանկացած երկրից՝ զենքերի շուկան բավականին հարուստ է:
Դա շատ ուշագրավ հայտարարություն է, քանի որ Ադրբեջանը շարունակում է մեծ քանակությամբ զենքեր գնել ռուսական կողմից, ինչը նաև այդ երկիրը ռազմա-տեխնիկական կախվածության մեջ է դնում Մոսկվայից: Առաջինը՝ ռուսական գնված մեծաքանակ զենքերն ունենալու են տեխսպասարկման, վերականգնման, պահեստամասերի և այլ կարիք, որն էլ իրականացվելու են ռուսաստանցի մասնագետների կամ ռազմա-արդյունաբերական ձեռնարկությունների կողմից: Երկրորդ՝ Մոսկվան վաճառելով զենքերը Ադրբեջանին կարող է հսկել, թե Ադրբեջանը քանի տանկ, ուղղաթիռ, հրետանի, ինքնաթիռ ունի՝ չմոռանանք նաև հետախուզության մասին:
Սակայն պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ընտրել է մի կենտրոնից՝ ՌԴ-ից ռազմական կախվածության թուլացման ռազմավարություն: Ինչ վերաբերվում է խորհրդային արտադրության զենքերին, ապա Ադրբեջանը որոշակի զինատեսակներ՝ տանկեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ և այլն գնում է նաև նախկին ԽՍՀՄ հանրապետություններից՝ Ուկրաինա, որի հետ ունի ռազմավարական հարաբերություններ, ինչպես նաև Բելառուսից:
Չմոռանանք նաև Արևելյան Եվրոպայի երկրները՝ Վարշավյան պայմանագրի նախկին անդամների, որոնց պահեստները լի են նախկին խորհրդային տեխնիկայով: Այդ տեխնիկան գնվում է և Ադրբեջանի ռազմա-արդյունաբերական ձեռնարկություններում արդիականացվում՝ իսրայելական, թուրքական և այլ տեխնոլոգիաներով:Ադրբեջանն ունի նաև Պաշտպանական արդյունաբերության նախարարություն՝ առանձին բյուջեով, աշխատակիցներով, ձեռնարկություններով: Վերջերս հայտարարվեց, որ Ադրբեջանը այս տարվանից արտադրելու է սեփական անօդաչուները՝ այդ թվում հարվածային ու հետախուզական, ինչպես նաև ինքնաբավ է դառնալու արկերի առումով: Դրանք արտադրվելու են Ադրբեջանի ռազմա-արդյունաբերական ձեռնարկություններում՝ դա նվազեցնում է կախվածությունը այլ երկրներից, ստեղծում լրացուցիչ աշխատատեղեր՝ պատրաստվում են հատուկ մասնագետներ, բացի այդ, նվազում է դրանց ինքնարժեքը:
Դա նշանակում է, որ Ղարաբաղում հաջորդ պատերազմի ժամանակ, որն ուշ թե շուտ լինելու է, Ադրբեջանը օգտագործելու է ինչպես իսրայելական կամիկաձեներ, որոնք սակայն բավականին թանկարժեք են, չնայած Ադրբեջանն ունի բազմամիլիարդանոց ռազմական բյուջե, ինչպես նաև մարտական պայմաններում փորձարկելու է սեփական անօդաչուները: Անօդաչուների զանգվածային օգտագործման պարագայում՝ հարյուրների, անզոր է ցանկացած ՀՕՊ համակարգ. կամիկաձե-անօդաչուներն Իսրայելը ստեղծել է հենց ՀՕՊ ենթակառուցվածքներն ոչնչացնելու համար:
ՀՕՊ-ի չեզոքացումից հետո գործի են անցնում հարվածային ուղղաթիռները՝ Ադրբեջանը դրանք մեծ քանակությամբ գնել է ՌԴ-ից, որոնք հարմարեցված են գործելու ցանկացած եղանակային պայմաններում , լեռնային պայմաններում: Բաքուն գնել է նաև թուրքական հարվածային ուղղաթիռներ՝ ՌԴ-ից ուղղաթիռների սպասարկման և այլ առումներով միակողմանի կախվածությունը չունենալու համար:Նույն էլ վերաբերվում է հրթիռային համակարգերին՝ թուրքական ընկերություններն Ադրբեջանի հետ կիսվում են թե տեխնոլոգիաներով, թե պատրաստի արտադրանքով: Օրերս էլ ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանում ստեղծվելու է ուղղաթիռների սպասարկման և ավիացիոն գործարան:
Ադրբեջանը ռազմա-տեխնիկական սերտ կապեր ունի նաև Իսրայելի հետ, որն աշխարհում ունի լավագույն զինատեսակներն արտադրող ու հզոր ռազմական արդյունաբերություն երկրի համբավ: Ադրբեջանական լոբբին բավականին ազդեցիկ է Իսրայելում, իսկ հրեական լոբբին՝ Բաքվում ու կարելի է ենթադրել, որ մինչ այդ կնքված բազմամիլիարդանոց պայմանագրերը ՝ անօդաչուներ, հրթիռներ, զրահապատ մեքենաներ (Sand Cat) և այլն կյանքի են կոչվելու ու կնքվելու են նոր պայմանագրեր:
Չմոռանանք նաև Թուրքիայի մասին, որն սկսել է սեփական՝ Turkish Aerospace Industries-ի արտադրության Anca անօդաչուների ու Altay տանկերի արտադրությունը, որն իհարկե հետագայում արտոնյալ գներով տրամադրվելու են Ադրբեջանին՝ ՌԴ-ից T-90 և այլ տանկերին այլընտրանք ունենալու համար: Ադրբեջանցի զինվորականները, այդ թվում հատուկ ջոկատայինները ակտիվորեն մասնակցում են Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններին և այլն: Այսինքն ՌԴ-ին զուգառեռ Ադրբեջանը շեշտը դնում է սեփական ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման վրա՝ այդ ուղղությամբ միլիոնավոր դոլարներ են ուղղվում՝ չնայած ֆինանսական խնդիրներին՝ նավթի գների անկում, մանաթի արժեզրկում և այլն, ինչպես նաև զենքերի ներկրման ուղիներն է բազմազանեցնում՝ հետխորհրդային երկրներ, Թուրքիա, Իսրայել, ինչպես նաև չմոռանանք այնպիսի երկրի մասին ինչպիսին Պակիստանն է՝ միջուկային տերության, որն ունի նաև սեփական ռազմական արդյունաբերություն ու Ադրբեջանին պատրաստ է աջակցել տարբեր զինատեսակներով՝ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ սեպտեմբերին Բաքուն կարող է գնել պակիստանյան արտադրության JF-17 Thunder կործանիչներ-ռմբակոծիչներ, որոնք էլ որոշակի իմաստով կարող են այլընտրանք լինել ռուսական ՄԻԳ-րին ու Սու-րին:
Թե ինչքանով արդյունավետ կլինի այդ խայտաբղետ՝ տարբեր երկրների զինտեխնիկայի օգտագործումը ռազմական իրադրության, մարտական պայմաններում այլ հարց է, որին կարող են պատասխանել ռազմական փորձագետներն ու զինվորականները, սակայն զենքերի գնման շուկաների բազմազանեցմամբ Ադրբեջանը նույնպես փորձում է թուլացնել իր միակողմանի ռազմա-տեխնիկական կախվածությունը ՌԴ-ից:
ՀՀ-ը նույնպես պետք է փորձի զարգացնել սեփական ռազմա-արդյունաբերական համալիրն ու զենքեր գնի նաև այլ շուկաներից՝ ինչքան են ՌԴ-ը զենքերը տրամադրի էժան, վարկով կամ արտոնություններով քաղաքական ժեստի առումով Երևանը կարող էր զենքեր գնել նաև Արևելյան Եվրոպայի երկրներից, Չինաստանից, նույն Իրանից, որն արտադրում է թե հրթիռներ, թե անօդաչուներ, այսինքն պետք է փորձել դիվերսիֆիկացնել նաև ռազմա-տեխնիկական ոլորտը, քանի որ Ղարաբաղում պատերազմի պայմաններում՝ ռուսական 200 միլիոնանոց վարկով զենքերը կարող են մեղմ ասած ուշանալ կամ տեղ հասնել արդեն ռազմական բախումների թեժ պահին, իսկ դրանց տեղափոխումը Ղարաբաղ՝ Քարվաճառով կամ Լաչինով կարող է խոչընդովել ադրբեջանական թե ավիացիայի, թե անօդաչուների անընդմեջ հարվածների ու այդ ճանապարհներն երկար ժամանակով շարքից դուրս հանելու միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել