Հասարակության դեգրադացիայի խնդիրները շարքից
Ու՞մ եմ ընտրելու ես: Այս հարցը դեռևս մի ամիս տալու եմ ինքս ինձ, մինչև կողմնորոշվեմ: Ու՞մ կընտրեմ, իսկ կընտրեմ արդյո՞ք ես ընդհանրապես:
Մի ձայն ունեմ, որը տարին տասներկու ամիս աղաղակում է բայց լսող չկա, բողոքում է՝ բանի տեղ դնող չկա ու հանկարծ պարզվում է, որ ինչ որ մեկին այն պետք է: Ի՞նչ որ մեկին, հիմա ի զրմանս ինձ ձայնիս կարիքը հանկարծակի պետք եկավ բոլորին ու հիմա ինձ խնդրում են, որ ձայնս իրենց տամ ու չգիտեմ, որին տամ իսկ որ մեկին՝ ինչպես մերժեմ: Ախր էնքան լավիկն են, ժպտերես, մի տեսակ քծնող, մանկան պես սիրուն, ջինջ աչքերը ճպճպացնում են ու թախանձագին հայացքը սևեռելով շուրթերիդ, սպասում պատասխանիդ: Սիրտս թպրտում է, ուզում եմ բոլորին էլ ասել այո, մի՞թե մեր մանկության մուլտֆիլմի, Լեոպոլդ կատվի « Ребята давайте жить дружно » խոսքերը կատարվեցին: Բայց դե, Ստանիսլավսկու՝ « Չեմ հավատում» թևավոր խոսքը, խրոնիկական հիվանդության պես մխրճվել է ուղեղումս ու սրտիս մեջ ու խանգարում է մարդկանց՝ ոչ, ոչ թե մարդկանց, այլ քաղաքական գործիչների մեջ, տեսնել անձի առաքինիության՝ վաղուց սպասված, հանկարծակի արթնացումը :
Մարդն ամբողջ կյանքում կանգնած է երկընտրանքի առջև: Եվ թվում է թե այլ տարբերակ նա չունի: Ո՞րն ընտրել, ո՞րն է լավը կամ ինչպես տարբերակել մեկը մյուսից: Թվում է, թե երբեմն ընտրությունը կատարվելու է չարի և բարու միջև: Ճիշտ ընտրությունից կախված կլինի հետևանքը՝ապագան, որի հետ այդքան հույս ես կապում իսկ սխալ ընտրության դեպքում երբեմն ստիպված կլինես թանկ վճարել: Ամեն դեպքերում էլ ստիպված ես ընտրություն կատարել և միակ բանը, որը դու չես ընտրել, դա քո ծնունդն է՝ բացառիկ դեպք, երբ քո փոխարեն են որոշել՝ ծնվես թե ոչ, ապրես, թե ընդհատեն հղիության ընթացքը: Թերևս չհամաձայնես ասածիս հետ, բայց երբեմն պատահում է այնպես, որ քո փոխարեն են ընտրում և դու մի կողմի քաշված, անտարբերության թույնով՝ Լետարգիկ քունի մեջ նիրհում էս, իսկ քո կողքից անցնում գնում են քո կյանքի տարիները, որը քո փոխարեն ուրիշն է տնօրինում և վայելում: Սարսափելին էլ հենց դա է, որի պատճառով գողացվում է ոչ միայն քո կյանքը, այլև քո զավակներինն էլ և դա այն ժամանակ, երբ դու պետք է գնահատես կյանքը, արժանապատիվ ապրելու փափագով ներդրված ջանքերդ ու երբեմն էլ քաշածդ զրկումները՝ հանուն այդ կյանքի և դա այն դեպքում, երբ դու ունես հնարավորություն փոխելու քո և ընտանիքիդ ապագան: Ասում են, հույսը վերջում է մահանում: Էս վերջերս ՖԲ-ում, մի հոդվածի տակ մեկնաբանություններ կարդացի, որտեղ ոմն մեկը փորձ էր արել հեգնել մի հոգևորականի, թե «էս մեր քահանան հուսահատության եզրի՞ն է»: Մի՞թե մարդիկ չեն հասկանում, որ քահանան էլ է մարդ և հույս ունի, որ ինքն էլ կապրի մի երկրում, որտեղ ապրելը կհամարի իրեն համար պատիվ և ոչ թե անպատվված իր օրերը կարշ կտա: Դուրս եկեք ձեր շենքի բակ, կանգնեք քուչում հավաքված ծերերի կողքին և ականջ դրեք նրանց զրույցներին և դուք կհամոզվեք, որ ժողովուրդի համար վաղուց հույսը մահացել է և նրանք ապրում են առանց հույսի, դե վարժվել են արդեն նրա բացակայությանը: Ո՞վ կընտրվի, ո՞վ կհաղթի, նրանց համար բացարձակ միևնույնն է, իսկ նրանք, ովքեր այդ օրերին մի տեսակ դուրս են գալիս սառնարյունությունից ու ակտիվություն են ցուցաբերում, դա նրանից է, որ մի ոսկոր են ուզում փախցնել, դե միս չէ, այլ ոսկոր, նրանց միս տվողն ո՞վ է:
Տեսել ե՞ք, Գյումրու փողոցներում պաստառներ են կպցրել՝ հիմար հարցերով, որի պատասխանը նույնիսկ պաստառի հեղինակները չունեն, ձեռ են առնո՞ւմ: «Ի՞նչպես Գյումրին դարձնել հարուստ և բարգավաճ» կամ « Ի՞նչպես ներդրումներ կատարել Գյումրիում» կամ էս մեկը «Ի՞նչպես Գյումրին դարձնել արդյունաբերական քաղաք»: Էս ու՞մ է ուղղված էս հարցերը, մ՞իթե խեղճ ու աղքատ ժողովրդին, ով չգիտի թե կեսօրին ինչ է ուտելու, իսկ երեկոյան ընդհանրապես՝ պասն է մտքներն ընկնում: Սպասեք հլը, կարո՞ղ է գտել են էս հարցերի պատասխանը, հ՞~ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: